Թունյանը ճանապարհներ է մտմտում պարտքերը փակելու համար

59

Ազգային ժողովի իշխանական ուժի պատգամավորները շատ արագ են յուրացնում արատավոր բարքերը, ուղիներ փնտրում սեփական բարեկեցությունը լավացնելու, իրենց պարտքերը մարելու համար։

Շաբաթներ առաջ մամուլը գրեց, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, մեղմ ասած, բոլորովին անտարբեր չէ մոլախաղերի նկատմամբ։

Չէինք ցանկանում հավատալ, որ երիտասարդ ու ի տարբերություն կուսակիցների, խոստումնալից պատգամավորը կարող է հայտնվել մոլախաղերի ճիրաններում, սակայն այժմ էլ տեղեկություններ ենք ստացել, որ Թունյանը ահռելի պարտքեր է կուտակել՝ տարբեր օնլայն կազինոներում խաղալով, և ճանապարհներ է մտմտում այդ պարտքերը փակելու համար։

Ազգային ժողովի նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ արդեն իսկ աչքի էին ընկել տնտեսվարողների հետ սերտ կապեր հաստատելու, և, իհարկե, ոչ առանց ակնկալիքի նրանց օգտին օրենքներ առաջ մղելու մոլուցքով։ Առաջատարներից մեկը նույն այդ Բաբկեն Թունյանն է, որը շարունակում է այդ գործելաոճը։ Թվում է՝ մի քանի օրենքներ խաղատների ոլորտներում ընդունելուց հետո Թունյանը պետք է բավական բարելավեր իր ֆինանսական դրությունը, մի բան էլ ավելի, սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ, նա հասցրել է այնքան խրվել պարտքերի մեջ, որ կորցրել է թիվն ու հաշիվը։ Իսկ այժմ էլ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը անցել է օնլայն խաղերին։ Գաղտնիք չէ՝ օնլայն խաղերն այսօր ամենավճարունակ և շահութաբեր ոլորտներից են դարձել, իսկ «Տոտո», «Վիվառո» ընկերությունները, գործող իշխանության հետ սերտ առնչություններ ունեն, վարձում են իշխող ուժի պատգամավորների՝ իրենց հաճո օրինագծերն անցկացնելու համար։ Հենց Բաբկեն Թունյանն էլ այսօր այդ պայմանավորվածությունների հիմնական իրագործողն է։ Արդյունքում, իշխանական պատգամավորի անձնական հաճույքների համար տուժում է պետությունը, տուժում է ՀՀ քաղաքացին։