Երեւանի քաղաքապետարանն, ինչպես հայտնի է, աղբի տեսակավորման նոր գործընթաց է սկսել եւ արդեն մեկ ամսից ավելի է` մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հերթով տեղադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Գործընթացը դեռ չի ավարտվել։

Յուրաքանչյուր թափոնաման կոնկրետ տեսակի թափոնի համար է նախատեսված՝ դեղինը թղթի, ստվարաթղթի, ամսագրերի ու թերթերի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի՝ սպասք, շիշ, պոլիէթիլենային տոպրակ։

Երեւանի քաղաքապետարանին կից «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված պլաստիկը վաճառելու նպատակով աճուրդ է հայտարարել։ Այն կայացել է հունվարի 29-ին, սակայն արդյունքները դեռ հայտնի չէն։ Աճուրդին կարող էին մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են պլաստիկի վերամշակմամբ։ 1 կիլոգրամ պլաստիկը ՀՈԱԿ-ը որոշել է վաճառել 90 դրամով:

Հայաստանում պլաստիկի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները այնքան էլ շատ չեն: Դրանք են՝ «ISSD», «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ», «Proper Plastic», «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ։ Իսկ տեսակավորման տարաների տեղադրմամբ զբաղվում են «NABU»-Հայաստանը և «Այ-Էս-Էս-Դի» («ISSD»)-ն: Ըստ էության, տարբերակները Երևանում աղբի տեսակավորման բիզնեսով կզբաղվեն հենց այս ընկերությունները:

Կա ոչ պակաս կարևոր հարց, որը քաղաքապետարանը մինչ օրս չի լուծել, կամ չի ցանկացել լուծել. դա աղբի վերամշակման գործարանի կառուցումն է: Ըստ քաղաքապետի` առկա էին մի շարք ներդրումային առաջարկներ, որոնց շուրջ քաղաքապետարանը պետք է որոշում կայացներ, սակայն որոշումը, ինչպես տեսնում ենք, ուշանում է: Աղբի բիզնեսը ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն է, իսկ Հայաստանում տարիներ շարունակ գործել է աղբի այսպես կոչված՝ ստվերային բիզնես, որի դեմ չեն պայքարել ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունները, աղբի վերամշակմամբ էլ զբաղվում են նախկին պաշտոնյաներին պատկանող ընկերությունները: Գուցե հենց այս ստատուս-քվոն է, որ չի ցանկանում փոխել Հայկ Մարությանը և այդքան երկար դիտարկում է աղբի վերամշակման նոր գործարանի շուրջ առաջարկները…