Սիլվա Բերբերյանի խոսքով` նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել սեփական բիզնեսը հիմնելու ցանկություն ունեցող զինվորներին` կատարելով գաղափարի մշակման, փաստաթղթային և հաշվապահական բոլոր աշխատանքները:
«Զարթոնք 44» նախաձեռնող խմբի ղեկավար-կոորդինատոր Սիլվա Բերբերյանը հայտնել է, որ նպատակ ունի Հայաստանում ստեղծել միջավայր, որտեղ կկարողանան աշխատել հիմնականում վիրավոր զինվորները:

Ամերիկաբնակ գործարարը Հայաստանում արդեն իսկ ձեռնարկություն է հիմնել, որի աշխատանքների մեկնարկը նախատեսված է փետրվարին (խմորեղենի արտադրություն, կորոնավիրուսի, ապա և` պատերազմի պատճառով բացումը հետաձգվել է):

Սիլվա Բերբերյանը նշել է, որ բացի պետական աջակցությունը, զինվորները, հատկապես վերջին պատերազմում վիրավորում ստացած, կարիք ունեն աշխատանքի: Այդ պատճառով, իր նախաձեռնությունից զատ, արտասահմանում բնակվող հայ երիտասարդներին կոչ է արել գալ հայրենիք, իրենց գաղափարներով ու ֆիզիկական հնարավորություններով աջակցել վիրավոր զինվորներին:

Գործարարի խոսքով` իր նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել սեփական բիզնեսը հիմնելու ցանկություն ունեցող զինվորներին` կատարելով գաղափարի մշակման, փաստաթղթային և հաշվապահական բոլոր աշխատանքները: Սիլվա Բերբերյանը նաև հայտնել է, որ ընթացքի մեջ է տարբերանշանի լիցենզավորման տրամադրումը, ինչի արդյունքում նախաձեռնության շրջանակներում զինվորի աշխատանքի արդյունքը ստանալու է «արտադրված է զինվորի կողմից» մակնշումը: