Վաղ առավոտից Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում էի։ Համատարած աղքատության և անորոշության մատնված գյուղից գյուղ տեղափոխվելու արանքում լրահոսն էի թերթում և տեսա, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանելով լրագրողների հարցերին վերահաստատել է նախկինում հնչեցրած դիրքորոշումը, հրաժարականի պահանջը, որ չի փոխվել ոչինչ՝ միաժամանակ նշելով, թե երկիրը երբեք չի եղել այսպիսի ծանր վիճակում: Գարեգին Երկրորդը ասել է նաև, թե եկեղեցու դիրքորոշումը պետք չէ ասոցացնել այս կամ այն քաղաքական խմբի դիրքորոշման հետ, այն վերքաղաքական է:

Որպես նախկին ճեմարանական և Վեհափառ հոր սան ուզում եմ դիմել նրան․

Վեհափառ տեր,
Դուք կարող եք իհարկե չհամաձայնել այն տեսակետի հետ, որ Ձեր հնչեցրած դիրքորոշումը քաղաքական չէ, սակայն վերջին շրջանում Ձեր հռետորաբանությունը այդուհանդերձ վկայում է, որ Հայ եկեղեցու ղեկավարությունը ունի կայացված քաղաքական կամ ներքաղաքական որոշումներ:
Հակառակ պարագայում, բացի վարչապետի հրաժարականի կոչից, որն ինքնին քաղաքական է, Հայ եկեղեցին նաև կտար հանրային և պետական կյանքի զարգացման ուղենիշներ, իսկ դրանք պետք է ենթադրեին նաև հորդորներ՝ ուղղված ապստամբություն և զինված հեղաշրջում չմերժող ծայրահեղական շրջանականերին և նրանց պարագլխին, որոնք չկան:

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան տոնի առիթով Ձեր պատգամը վկայեց, որ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը կայացրել է ներքաղաքական գործընթացների մասնակցության որոշում, իհարկե ամենևին ոչ ուղիղ մասնակցությամբ՝ ինչպես կուսակցությունները, բայց բավականին նկատելի:
Համենայնդեպս, երբ Դուք, օրինակ, խոսում եք ներքին սխալների և բաց թողնված հանգամանքների մասին, որոնք բերել են պարտության, դա արդեն քաղաքականություն է, որովհետև այդ ամենի մասին խոսելու համար կա՛մ պետք է քաղաքական դիրքավորում, կա՛մ մասնագիտական քննություն:

Այլապես ո՞վ գիտե, թե որն է եղել պատերազմի և պարտության հանգեցրած սխալը, երբ է եղել այն, որտեղ և այլն: Ընդ որում, եթե անգամ Դուք այդ սխալները տարածում եք ամբողջ հետանկախական շրջանի վրա, միևնույն է, դա նույնպես քաղաքականություն է, որովհետև մինչ այդ Դուք ու Հայ եկեղեցին, ողջ կղերը լռել են այդ շրջանում: Դա նշանակո՞ւմ է, որ պետք է լռեն նաև այժմ: Բոլորովին:
Եկեղեցին չպետք է լռի, չպետք է լռեր նախկինում, չպետք է լռի այժմ, չպետք է լռի ապագայում:

Վեհափառ Տեր,
Հայ Առաքելական եկեղեցին չափազանց կարևոր և արժեքավոր կառույց է, հետևաբար այն ոչ միայն չպետք է լռի, այլև պետք է ունենա իր խոսքը՝ ծանրակշիռ խոսքը հանրային և ազգային կյանքում: Բայց հենց դրա համար շատ կարևոր է, որ այդ խոսքը լինի քաղաքական կոնյունկտուրայից առավելագույնս զատ, առավելագույնս հեռու: Դա չի նշանակում խուսափել որևէ քննադատությունից, որն ուղղված կլինի իշխանությանը: Բայց եկեղեցու խոսքի արժևորման ավելի լայն ճանապարհը թերևս դա չէ, այլ այն, թե ինչպիսի արժեքային, գաղափարական, հայեցակարգային ուղենիշներ կհաղորդվեն հանրությանը: Երբ դրանք հաղորդվեն, հանրությունն արդեն դրանց հիման վրա կկողմնորոշվի նաև քաղաքական ուղիներում՝ ընտրելով, թե հատկապես որ ուղին է առավելագույնս համապատասխանում այն լայն ճանապարհին, որ նկարագրում է եկեղեցին հանրության հետ իր երկխոսությամբ: Դա պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու խոսքի առանցքը, ոչ թե վերաբերմունքը իշխանություն կամ ընդդիմություն եղած որևէ քաղաքական ուժի հանդեպ: Այդ վերաբերմունքը անմիջապես բերում է Հայ եկեղեցու հետևորդ հայության շրջանում բաժանարար գծերի, որովհետև մարդկանց քաղաքական հայացքները տարբեր են, համակրանքները տարբեր են, ինչն էլ իր հերթին հանրության հայացքում քաղաքականացնում է եկեղեցին:

Այստեղ է գլխավոր խնդիրը, որից պետք է ապահովագրվի մեր ազգային կարևորագույն կառույցն ու ինստիտուտը, և ինչը պետք է լինի այդ կառույցի ղեկավարության գերխնդիրը: Առայժմ այդ խնդիրը լուծվում է խիստ անարդյունավետ: Հենց դա է նաև պատճառը, որ, իհարկե հարաբերական արդյունավետությամբ, աչքի են ընկնում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորող խմբերը: Հակառակ դեպքում նրանք հայ ժողովրդի շրջանում չունեն և չեն ունենա Հայ առաքելական եկեղեցու հանդեպ նկրտումներում որևէ շանս:

Իսկ առհասարակ, որպես եկեղեցու հովիվ, թողեք այդ քաղաքական պահանջները այցելեք 30 տարի մոռացության, աղքատության և անորոշության մատնված Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր։ Սահմանի նոսրացած ու մեծապես ծերացած բնակիչները բացի մեզ՝ քաղաքական գործիչներիս հասցեագրված և վերաբերող նյութական, տնտեսական և քաղաքական հարցերը ունեն խորը հոգևոր և իմացական խոսքի կարիք, հոգևոր սննդի կարիք։

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն