ԿԱՐԳԻ՛ ՀՐԱՎԻՐԻՐ «ԱԽՐԱՆՆԻԿԻԴ», ԱՆՈՒ՛Շ ԱՐՇԱԿՅԱՆ, ԳԼՈՒԽ ՋԱՐԴԵԼԸ ՔՈ ՕԳՏԻՆ ՉԷ

116

Ինգա և Անուշ Արշակյան քույրերից Անուշն այսօր ասուլիս տվեց լրագրողներին մշակութային թեմայով։ Ասուլիսից հետո նրան մոտեցանք՝ մի քանի հարց էլ այլ թեմաներից ուղղելու՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի, որին ինքը ևս մասնակցում է, Քիմ Քարդաշյանի այցի և մեր մշակույթի խնդիրների հետ կապված։ Նա համաձայնեց մեզ հետ զրուցել, սակայն նրան ուղեկցող մի տղամարդ՝ Արթուր Ասատրյան անունով, միանգամից առաջ ընկավ, թե՝ «շտապում են, ուշանում են, իրեն հարց չի կարելի տալ, ինքն էսօր ուրիշ ոչ մի հարցի չի պատասխանելու, եթե հարցազրույց եք ուզում, դիմեք «Շարմին», իրենք կորոշեն»։ Այդուհանդերձ Անուշը համաձայնեց կանգնել երկու րոպե, պատասխանել մեր հարցերին։ Սակայն, երբ արտաբերեցինք «Եվրատեսիլ» բառը, նրան ուղեկցող տղամարդը նորից «մեջ ընկավ», թե՝ «չե՞ս հասկանում, ասեցի՝ ոչ մի հարցի չի պատասխանելու»։ Հետո էլ առաջարկեց մեր հարցերն իրեն ուղղել՝ ինքը կպատասխանի։ Ասացինք՝ շատ լավ, ու հնչեցրինք հարցը․ «Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին»։ «Ե՞ս։ ես չեմ մասնակցել էդ երգին»,-զարմացավ նա հարցից։ Երբ ասացինք, որ դրա համար էլ հարցի հասցեատերը Անուշն է, ոչ թե ինքը, Արթուր Ասատրյանը բորբոքվեց։

 

Հետաքրքրվեցինք, թե ինքն ո՞վ է՝ Անուշի պրոդյուսե՞րը, թե՞ անվտանգության աշխատողը, ասաց, որ պրոդյուսերն է։ Բայց ավելի շատ անվտանգության աշխատողի պես է իրեն պահում։ Այդ պահին պրոդյուսեր Արթուրն իրեն իրապես դրեց «ախրաննիկի» տեղ ու հարձակվեց մեզ վրա․ «Դու արդեն չափերդ անցար, ա՛յ տղա, հեսա դու ախրաննիկի կարիք կզգաս,-ու սպառնաց՝ հեսա գլուխդ կջարդեմ»։

 

Ներկա լրագրողները, ովքեր ևս ուզում էին հարցեր ուղղել, հասկացան, որ չարժե «գլուխ ջարդող» պրոդյուսեր ունեցող երգչուհուն հարցեր ուղղել՝ սեփական անվտանգությունից ելնելով։ Քիմ Քարդաշյանի օրինակից, թերևս, պետք է լուրջ դասեր քաղեն մեր «աստղերը», ովքեր դեռ այդպես էլ լիարժեք չկայացած՝ իրենց «ախրաննիկներով» են շրջապատում եւ անձեռնմխելի են իրենց համարում, որ չի կարելի իրենց մոտենալ, հարցեր տալ։ Աշխարհում քիչ թե շատ հայտնի դեմքերը՝ Մադոննան, Ջեննիֆեր Լոպեսը, մյուսները ավելի մատչելի են, քան մեր աստղերը։ Իրենց թեկնապահ-պրոդյուսեր-ուղեկցողների ընտրության հարցում էլ ավելի զգույշ են լինում եւ կոնկրետ շրջանակներ սահմանում, որ հանրության հետ շփվելիս չափը չանցնեն։ Մի՞թե հայտնի երգչուհին, ով նաև բավականին կիրթ անձնավորություն է, չի կարող մի քանի տարրական հարցի պատասխանել, որ այդպես նրան պաշտպանում են լրագրողներից։ Իսկ հարցերը վերաբերելու էին բացառապես իր աշխատանքին, իր մասնակցությանը տարբեր նախագծերին և իր ոլորտին՝ մշակույթին։

 

Փաստորեն, Քիմ Քարդաշյանի հետ ավելի հեշտ է շփվել, թեեւ նա շրջապատված էր մեծ թվով անվտանգության աշխատակիցներով, քան մեր աստղիկների հետ։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։