Ուսուցիչն աշակերտուհուն ծեծելով սպանել է սխալ պատասխանի համար

812

Չինաստանի Սիչուան նահանգում մաթեմատիկայի ուսուցիչը ծեծելով սպանել է տարրական դպրոցի աշակերտուհուն՝ հարցերին սխալ պատասխանելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:

Սեպտեմբերի 10-ին Չինաստանում նշվում է Ուսուցչի օրը: Տասնամյա աղջնակը դպրոց էր գնացել ծաղիկներով՝ շնորհավորելու իր ուսուցիչներին, այդ թվում՝ մաթեմատիկայի ուսուցչին: Սակայն դասի ժամանակ չի կարողացել պատասխանել երկու հարցի:

Որպես պատիժ՝ ուսուցիչը ծնկի է բերել աշակերտուհուն և, ականջից քաշելով, հարվածել գլխին: Ինչպես պատմել է նույն դասարանում սովորող աղջկա երկվորյակ քույրը, պատժից հետո երեխան չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել:

Երեք ժամ անց ուսուցիչը զանգահարել է երեխայի տատիկին և խնդրել, որ երեխային վերցնի դպրոցից, քանի որ նա վատառողջ է: Կինը դպրոց հասնելուն պես տեսել է, որ թոռնուհին այլևս չի կարողանում խոսել և բացել աչքերը:

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: