Անի Լուպեի «Սիրո խոստովանությունը» բաց երկնքի տակ

311

Բացօթյա բեմ, քիչ թվով հանդիսատես և թատրոնի համար փոքր-ինչ անսովոր հյուրասիրություն. երկար դադարից հետո թատերասերները հնարավորություն ունեն ներկայացումներ դիտելու: Կամերային թատրոնը գտել է արվեստասեր հանդիսատեսին ուրախացնելու տարբերակն ու սկսել բացօթյա ներկայացումների շարք: Մեկնարկը տրվեց երեկ` «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ: Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում է 2015 թվականից, բայց առաջին անգամ էր բեմադրվում բացօթյա:

Tert.am Life-ը ներկա է եղել թատրոնի առաջին բացօթյա ներկայացմանը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բացթօրյա տարբերակն ադապտացրել է թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, ով պատմեց, որ ամբողջ ամառ սպասել են բացօթյա ներկայացման միտքը իրականություն դարձնելու հույսով:

«Արդեն հույս չունեինք, բայց վերջին պահին թույլտվությունը եղավ: Քանի որ ամառն արդեն վերջանում էր, նախապատրաստական ոչ մի աշխատանք չէինք տարել, ամեն ինչ կազմակերպեցինք մեկ շաբաթվա ընթացքում: Շինհրապարակի աղտոտված տարածքը դարձրինք բացօթյա դահլիճ: Շնորհակալ եմ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանինտարածքը մեզ տրամադրելու համար: Եկամտի ակնկալիք նույնիսկ չունենք, ուղղակի թե՛ մենք էինք կարոտել հանդիսատեսին, թե՛ հանդիսատեսը մեզ: Փորձեցինք մի փոքր լրացնել կարոտը»,-ասաց նա:

«Սիրո խոստովանություն» ներկայացումը հանդիսատեսից շատերին էր ծանոթ, բայց բացօթյա ներկայացմանը որոշակի փոփոխություններ էին եղելկապված բեմին հարմարվելու, դերասանների հստակ տեղերի, զույգերի հետ. մնացածը նույնն էր: Մեկ գործողությամբ ներկայացումը նվիրված է Երևանին և ոճով նման է Կամերայինի մյուս ներկայացումներին Երևանին նվիրված երգեր, մայրաքաղաքը գովերգող խոսքեր, պար: Դե իսկ դերասանները հանդես են գալիս իրենց իրական անուններով, խոսում հին ու նոր Երևանի, փողոցների մասին: Ներկայացման ավարտին նրանք նշում են նաև իրենց ծննդավայրերը. Ռաֆայել Երանոսյանն Արմավիրից է, Հասմիկ ԴանիելյանըԱբովյանից, Վահե Զիրոյանը Գյումրուց, Սենիկ ԲարսեղյանըԱրտաշատից, Անի Լուպեն Երևանից:

Լուսինե Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են առաջնախաղի համար ընտրել հենց այդ ներկայացումը. «Քանի որ «Սիրո խոստովանություն»-ը հենց Երևանի մասին է, իսկ մենք կարանտինային օրերի ընթացքում Երևանը շատ էինք կարոտել, որոշեցինք այդ ներկայացմամբ սկսել: Այս ամսվա ընթացքում լինելու են նաև «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Տղաները չափն անցնում են», «Շոու No 3» ներկայացումները: Ընտրել ենք այնպիսիք, որոնք կարող ենք հարմարեցնել տարածքինառանց որակը կորցնելու: Որոշակի կորուստներ, իհարկե, կլինեն, բայց հուսով ենք հանդիսատեսը ներողամիտ կգտնվի»,-նշեց նա:

Դերասան Ռաֆայել Երանոսյանն ընդգծեց, որ որքան էլ տարիներ շարունակ ներկայացումը խաղացել են, այս անգամ հուզմունք կար. «Հուզված էինք, հանդիսատեսն էլ չգիտեր` ինչպես պահել իրեն: Փորձել էինք ամեն ինչ հնարավորինս հարմարեցնել բացօթյա տարածքին, բայց ամբողջական ներկայացման հաճույքը, միևնույն է, չկար: Այն գրվել է այլ բեմի համար, ամեն դեպքում, բավականություն ստացանք»:

Դերասանուհի ԱՆի Լուպեն ասաց, որ, չնայած որոշակի փոփոխություններին, կարողացան լավ խաղալ. «Մենք բեմում ունենք մեր հստակ տեղերը, բայց այս դեպքում փոփոխություններ եղան: Դա մեզ չխանգարեց, մենք ճկուն ենք»: