Մարիամ Մելիքյանը անկեղծացել է թե ինչ խնդիրներ են առաջացել հղիության ընթացքում

219

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Մարիամ Մելիքյանը սպասում է երկրորդ երեխային: Նա այս շրջանում հղիության 6-րդ ամսում է:

Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը պատմել է, թե ինչպես են ամուսինն ու դուստրը` 4 տարեկան Կամիլան, արձագանքել իր հղիության նորությանը, ինչպես է հաղթահարում հարազատների հանդեպ կարոտը և ինչով է զբաղվում Թուրքիայում:

«Երկրորդ հղիությունս, ինչպես առաջինը, սկզբնական շրջանում մի փոքր բարդ անցավ, քանի որ տոքսիկոզ հղիություն եմ տանում: Ճիշտ է, այս ընթացքում շատ ծանր փուլեր անցա, բայց հիմա ամեն ինչ լավ է, ինձ միայն լավ մտքերով եմ լիցքավորում, որովհետև այս ամենն իմ փոքրիկին կյանք տալու համար է: Սեռն արդեն պարզել ենք, բայց չեմ ուզում բացահայտել: Ուզում եմ, որ այս անգամ երեխայի անունն ամուսինս ընտրի, քանի որ դստերս իմ ցանկությամբ ենք Կամիլա անվանակոչել»,-ասաց նա:

Մարիամը նկատեց, որ ամուսինը երեխաներ շատ է սիրում.  «Ամուսինս ուզում է` շատ երեխաներ ունենանք: Անհամբեր սպասում էր մեր երկրորդ բալիկին, նա և Միլան ամեն օր ասում էին, որ քույրիկ կամ եղբայր են ուզում: Երբ ասացի, որ հղի եմ, ամուսինս շոկի մեջ էր, չէր հավատում լսածին: Ամուսինս, սկեսուրս, տալս այնպես էին ուրախացել, հուզվել, կարծես առաջին հղիությունս լիներ»:

Մարիամը նշեց, որ երբեմն տարօրինակ ուտելիքներ ուտելու ցանկություն է ունենում, փորձում է հնարավորինս «համեստ» հղի լինել, բայց ամուսնինն ամեն կերպ փորձում է կատարել իր կամակորությունները:

Դերասանուհու խոսքով` դուստրը` 4 տարեկան Կամիլան, ևս շատ ոգևորված է ընտանիքի համալրման լուրով. «Նախապատրաստական գնումները միասին ենք կատարում: Անընդհատ ասում է, որ շատ է սիրում բալիկին, ինձ: Կարծում եմ` խանդի տեսարաններ չեն լինի, որովհետև Միլան շատ հասկացող բալիկ է: Երեխան դեռ չի ծնվել, բայց Միլան արդեն սիրում է նրան: Երբ ասում եմ, որ իրեն ապագա բալիկից ավելի շատ եմ սիրում, ասում է` բալիկին ավելի շատ սիրիր, որ չնեղանա, ինքը փոքր է»:

Վերջերս Մարիամն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ էր տեղադրել, որտեղ դստերն ասում էր, որ հայերեն խոսի, բայց Միլան թուրքերեն էր խոսում, դերասանուհուց հետաքրքրվեցինք` Միլան հայերեն խոսո՞ւմ է. «Միլան հայերեն խոսում է, ուղղակի երբ ասում եմ` հայերեն խոսիր, կամակորություն է անում: Հայերեն այնպես չի խոսում, ինչպես թուրքերեն, քանի որ մանկապարտեզում թուրքերեն են խոսում, բայց հայերենին ամբողջությամբ տիրապետում է: Անգլերեն և ռուսերեն նույնպես հասկանում է: Փորձում ենք այնպես անել, որ շատ լեզուներ իմանա»:

Հարցին՝ հայի համար բա՞րդ է Թուրքիայում ապրելը, Մարիամը պատասխանեց. «Լինում են դեպքեր  որ ինձ «այնպես» չեն նայում դրսում, քանի որ հայ եմ: Կարծում եմ` նորմալ է: Երբ Հայաստանում ինչ-որ մեկը հպարտությամբ ասի, որ թուրք է, նրան նորմալ չեն նայի: Ամեն դեպքում, նման վերաբերմունք հազվադեպ է լինում, հիմնականում տարեց մարդիկ են այդպես մտածում: Առհասարակ, ինձ շատ լավ են ընդունում ու վերաբերվում»:

Այս օրերին դերասանուհու մայրիկը մեկնել է Թուրքիա նրան այցելության. «Մայրիկիս վերջին անգամ նոյեմբերին էի տեսել ու շատ էի կարոտել: Հիմա վայելում եմ իր ներկայությունը, քիչ է մնացել, շուտով վերադառնալու է Հայաստան: Կարոտը հաղթահարելը շատ դժվար է, քանի որ ես Երևանում շատ հարազատներ, ընկերներ ունեմ: Նրանք անփոխարինելի են, նրանց ներկայության պակասը ոչ մի կերպ չեմ կարող լրացնել: Տեսազանգով շփվում ենք, բայց դա չի կարող փոխարինել նրանց ներկայությանը կողքիս»:

Մարիամը նշեց, որ ներկա պահին ոչնչով չի զբաղվում, թեև ծրագրում էր փոքրիկ բիզնես հիմնել: «Քանի որ արդեն բալիկի եմ սպասում, որոշեցի միտքը թողնել ու ավելի ուշ սկսել: Հիմա տնային տնտեսուհի եմ, նաև ամուսնուս եմ օգնում իր բիզնեսի հարցում,»,-նշեց Մարիամը: