Հոկտեմբերյանում տենց մարդ չի լինի, որ իրենից խմիչք գնած չլինի․ ով է եղել մահաբեր ալկոհոլ վաճառողը․ մանրամասներ

237

Այսօր Արմավիր քաղաքում զարհուրելի դեպք է տեղի ունեցել․օղու թունավորումից 11 մարդ է մահացել։ Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված օղին էր, որը, նախնական տվյալով, տեխնիկական սպիրտից է պատրաստվել։
Ձերբակալված անձ կա, որը Արմավիրի բանկիչ Աշոտ Հովսեփյանն է։

Նրա հարեւաններից մեկը «Հրապարակ»-ին պատմեց, որ ձերբակալվածն ապրել է քաղաքի Հանրապետության փողոցի տներից մեկում, ունի երկվորյակ երեխա․ «Խելոք մարդ է, ինքը միշտ այդ գործով է զբաղվում։ Մատչելի էր տալիս ալկոհոլը, համ էլ որակով էր։ Տարիներ շարունակ այդ գործն արել է ու ոչ մի խնդիր չի եղել։ Հոկտեմբերյանում տենց մարդ չի լինի, որ իրենից խմիչք գնած չլինի»։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ Հովսեփյանը օղին վաճառել է լիտրով, անգամ իրենից գնել են ու վերավաճառել․ «Դա իր գործն է եղել, լիտրով կոնյակ ու օղի էին գնում։ Այնպես է, որ իրենից մեծ քանակով գնում էին, տանում վերավաճառում էին։ Լուրեր կան, որ դեռ 30 լիտր խմիչք էլ իրավապահները ման են գալիս»։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ևս մեկ տուժած «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ: