ՀՀ բոլոր քաղաքացիներն այլեւս կարող են դիմակ չկրել. Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումը

1039

Պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի,

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։ Ինչպես գիտեք, նշվում էր, որ աշխատանքային հանդիպումները,

քննարկումները և ժողովները պետք է կազմակերպվեն հնարավորինս հեռավար կամ բացօթյա տարածքներում: Միայն նման հնարավորությունների բացակայության կամ անցանց ձևաչափով դրանք անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ապահովվում է առավելագույնը 20 հոգու մասնակցություն:

Այս կարգից ևս բացառություն է նախատեսվել։ Դրույթը կիրառելի չի լինի վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների, հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ։
Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք: Որ թավշյա իշխանիկները հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդներով փորձում են սորտավորել հասարակությանը՝ նախ սեւ-սպիտակի բաժանելով, հիմա էլ

կորոնավիրուսային սորտավորում է արվում, երբ դիմակահանդեսի «արքաներ» կարող են դիմակ չկրել, իսկ շարքայինները՝ ոչ, ըստ երեւույթին իրենք ազնվական սորտի մաքրամաքուր ներկայացուցիչներ են եւ, այո, ոչ միայն իրենք են սպիտակ, մյուսները՝ սեւ, այլեւ իրենց արյունն է սպիտակ: Տպավորություն է, որ թավշիստներն ուշադրության պակասի խնդիր ունեն եւ տառապում են սադոմազոխիզմով, ամեն օր մի անհեթեթ որոշումով, գործողությամբ փորձում են իրենց վրա կենտրոնացնել հանրային ուշադրությունը՝ դառնալով ծաղրի առարկա, քննադատության թիրախ: Աշխարհը վաղուց հաղթահարել է կորոնավիրուսի պատերազմը, իսկ մեզ մոտ կարծես ամեն ինչ արվեց եւ շարունակում է արվել, որ տարածաշրջանում թե վարակվածության, թե մահերի թվով առաջինը լինենք,որ բոլորը խոսեն մեր մասին, կամ աշխարհի որեւէ երկրում դիմակ չեն պարտադրում հեռուստատեսության աշխատակիցներին, իսկ մեզ մոտ այդ հիմքով եւ այդ քողի տակ ազատ խոսքը ճնշելու

գործողություններ են իրականացվում, աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում դիմակի համար չեն ըմբշամարտում քաղաքացու հետ, իսկ մեզ մոտ ամեն օր ոստիկանները դիմակ չկրող քաղաքացիների հետ հարաբերվում են մարտեր առանց կանոնների ժանրով:
Ամեն ինչ գուցե այսքան զվարճալի կլներ, եթե իրականությունն այսքան դաժան չլիներ:
Տեւական ժամանակ է փաստական տվյալներով փորձ է արվում ապացուցել, որ դիմակը ըստ էության չի բարելավում կորոնավիրոսով վարակվածության վիճակը, հակառակը վիճակագրությունն այլ մասին է վկայում: Մայիսի 25-ին, երբ պարտադիր դարձավ դիմակի կրումը, վարակված է եղել 7402 քաղաքացի։ Իսկ օգոստոսի 28-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 43451-ի։ Այս թվերը պաշտոնական են, իրական վարակվածների թիվը ոչ ոք չգիտի։

Մայիսի 25-ի դրությամբ նոր կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում էր 91 մարդ, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ մահացածների թիվը հասնում է 1135-ի։
Պարզ թվաբանությունը հուշում է, որ մահերի թիվը, դիմակը պարտադիր կրելու որոշումից հետո, ավելացել է գրեթե 12 անգամ, իսկ վարակակիրների թիվն աճել է գրեթե 7 անգամ։ Ուստի կոչ-հորդորներ են հնչում դադարցնել դիմակամոլությունը,բաց տարածքներում դիմակ կրելը. հատկապես, որ այս շոգին դա ավելի է վնասում մարդկանց կյանքին ու առողջությանը, քան չկրելը : Բայց իշխանությունը դիմակ պարտադրելու թերեւս մի քանի

պատճառներ ունի, նախ որ իշխանական բարձր մակարդակներում այդ բիզնեսով են զբաղված, հո չեն թողնի, որ իրենց նորաստեղծ բիզնեսը «տակ» տա, երկրորդ՝ սահմանված տուգանքներից մեծ գումարներ են հոսում բյուջե, երրորդ՝ որոշ հոգեկան հիվանդներ հոգեկան բավարարվածություն են ստանում իրենց կամքը միլիոնավոր մարդկանց վրա տարածելով, չորրորդ՝ ուզում են ցույց տալ՝ իբր պայքարում ենք կորոնավիրուսի դեմ ու այսպես շարունակ:

Հ.Գ.Այն ով էր ասում, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, ապրեք՝ թիվ մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես որ բոլորս էլ կարող ենք դիմակ չկրել:

Անի Սահակյան

Աղբյուրը՝ https://hayeli.am/?p=603750&l=am