«Երբ Սերժ Սարգսյանը խոսի բոլոր հարցերի մասին՝ 2018թ. ապրիլ-մայիսին և այս ընթացքում եղած ամեն ինչի մասին, մեր հանրությանը և քաղաքական դաշտին շատ լուրջ ցնցումներ են սպասվում այն իմաստով, որ բազմաթիվ փակագծեր կբացվեն, և բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունների գործունեության արդյունքում ցցուն տեսանելի են, ավելի կոնկրետ, ավելի մանրացած տեսք կունենան, և շատ կոնկրետ հարցերի պատասխաններ հանրությունը կունենա: Դրանով է կարևոր Սերժ Սարգսյանի խոսքն ապագայում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Ինչո՞ւ են Անդրանիկ Քոչարյանի որոշ տեղերը մրմռում, իր ի՞նչ գործն է, առհասարակ, ինքը ո՞վ է, որ իրեն իրավունք վերապահի՝ ասելու, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հիմա խոսել և խոսել ապրիլյանից: Ո՞վ ես դու, Անդրանիկ Քոչարյան, նայիր անցած ճանապարհդ, նայիր հետագիծդ: Այս օրերին արդեն սոցիալական ցանցերն ավելի են հեղեղվել, այդ մարդն անընդհատ իր դեմ է աշխատում: Այսօրվա իշխանությունները չեն հասկանում, որ այսօր երբ խոսում են ապրիլյան պատերազմից և իրականությունն աղավաղում են, վաղը դա իրենց դեմ է աշխատելու: Էդ ինչի՞ են ձեր որոշ տեղերը մրմռում, էդ ինչի՞ էդպես իրար խառնվեցիք:
Ես հասկանում եմ՝ ինչու խառնվեցին իրար, որովհետև իրենք հասկանում են, որ իրենց քաղաքական «մահապատիժը» շատ խիստ է լինելու: Որևէ մեկն այդքան չկա, որ հանկարծ վեր կենա և Սերժ Սարգսյանի այս հուզումնառատ, էմոցիոնալ, հայրական, գերագույն գլխավոր հրամանատարին հարիր ջերմությունը, որով ինքը խոսեց ապրիլյան պատերազմի մասին, հանկարծ փորձեն սրա մասին ինչ-որ բաներ ասել․ կստանան իրենք իրենց քթին, որովհետև արդարացի չէ: Այդպես անելով՝ խլել են իշխանությունը, բայց էլ չեն կարող առաջ գնալ: Տղերք ջան, խելոք նստեք և լսեք՝ ինչ է ասում Սերժ Սարգսյանը, և սրտատրոփ ու ահը սրտներումդ սպասեք, թե դեռ ինչ է ասելու ասուլիսի ժամանակ:
Այդ միլիոնների մասին թող խոսեն: Մեր հասարակությունը պետք է վերջապես իր աչքերը բացի, պետք է տեսնի, որ այն, ինչի դեմ Նիկոլը ժամանակին խոսում էր, այսօր այդ ամենից օգտվում է: Նախկինների թալանելու մասին միֆը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, սորոսական այն գրասենյակները, որոնք տարիներ առաջ աշխատել, բարգավաճել, ծաղկել են ՀՀ-ում:
Ես չեմ ասում՝ բոլոր նախկիններն ինձ նման մաքուր էին, ո՛չ, բայց իմ նման մաքուրներ էլ կային: Ովքեր ինձ նման մաքուր չէին, այսօր Նիկոլի կողքին են: Էդ որ ասում են՝ նախկիններ-նախկիններ, մի հատ ձեր շուրջը նայեք, ձեր փեսաներին, աներձագներին նայեք»: