«Դադիվանքը կարծես հայ ժողովրդի պատմությունը լինի՝ եկեղեցու տեսքով»․ Աննա Հակոբյան

223

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից․ այստեղ դուք կզգաք հավատքի զորությունը, կառույցի վեհությանն ու դրախտային բնությանն էլ կսիրահարվեք։

Դադիվանքը կարծես հայ ժողովրդի պատմությունը լինի՝ եկեղեցու տեսքով․ նրան բազմիցս փորձել են ավերել, ոչնչացնել, բայց դա երբեք ու ոչ ոքի չի հաջողվել ու 9-րդ դարի վանական համալիրն այսօր էլ կանգուն է ու խրոխտ կեցվածքով դիմավորում է զբոսաշրջիկներին ու հավատացյալներին։

Այսուհետ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia»,  «Armenia Love» հեշթեգերով Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում հնարավոր կլինի հանդիպել ավելի հաճախ։

Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Արշավի առաջին կանգառը Արցախն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։