Վրաստանը հայտարարություն է տարածել

184

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, որ իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն հաստատել է, որ 2013-ին նավը Բաթումից ամոնիումիննիտրատ է տեղափոխել Մոզամբիկ, որը, սակայն, արդյունքում հայտնվել է Լիբանանում, գրում է РИА Новости-ն։

Գործակալությունը նշում է, որ «ամոնիումի նիտրատը Վրաստանի հիմնական արտահանման արտադրանքներից մեկն է» և հաստատել է, որ Rhosus նավը Բաթումից Մոզամբիկ է ուղևորվել Մոլդովայի դրոշի տակ՝ 7 տարի առաջ:

«Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին և կանոնավոր ստուգվում, իսկ բեռների փոխադրման և պահպանման տեխնոլոգիան ներառվում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,- հայտնել է Վրաստանի կառավորությունը։

Գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ միայն այս տարի Փոթի նավահանգստից արտահանվել է 52 307 տոննա ամոնիումի նիտրատ:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը «մեծ քանակությամբ ամոնիումի նիտրատ պահելու կանոնների կոպիտ խախտումն է»:

Այն չի կարելի պահել խոնավ վայրում։ Բեյրութի նավահանգստում պայթած ամոնիումի նիտրատը, ամենայն հավանականությամբ, արտադրվել է Վրաստանի «Ռուսթավի Ազոտ» գործարանում, գրում է Эхо Кавказа-ը:

«Ռուսթավի Ազոտ»-ը ամոնիումի նիտրատն արտահանում է տասնյակ երկրներ, ներառյալ Մարոկկո, Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա և Հարավային Ամերիկայի երկրներ: