ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառի կրակոցների գործով կալանավորվածի որդուն ծեծել են. քրեական գործ՝ ՀՔԾ-ում

96

Գավառ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպի գործով խմորը դեռ շատ ջուր կքաշի: Իսկ ինչ է կատարվել այս կրակոցներից հետո: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գավառի կրակոցներից հետո իրավապահները կալանավորել են Ռոբերտ Հակոբյանի , իսկ ահա դեպքից 7 օր անց ոստիկանության բաժին են տարել կալանավորվածի որդուն Հովիկ Հակոբյանին: Արդյունքում ոստիկանության բաժնում այն աստիճան են ծեծի ենթարկել վերջինիս որդուն, որ ներկայումս իրավապահների գործողությունների մասով Հատուկ Քննչական ]առայությունում հարուցված է քրեկան գործ եւ կատարվում է քննություն: Մեր ձեռքում է հայտնվել Հովիկ Հակոբյանի լուսանկարը:

Ինչպես հայտնի է վերոնշյալ օրը կրակոցներն էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էին Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը: Ըստ նախաքննական մարմնի, վերջիններս մահացել էին Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

Վերոնշյալ 30 մեղադրյալից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են: Ըստ նախաքննական մարմնի՝ «Այս փոխհրաձգության դեպքն ունի իր նախապատմությունը՝ 2020 թվականի մարտ ամսվա կեսերին Գավառի գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբոր որդու՝ Արամ Հայթյանի կողմից՝ լվացարանում թքելու պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է սկսել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի հետ: Այդ ամենի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:

Այս ամենից հետո՝ սույն թվականի մարտի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ Գավառում ծեծի է ենթարկում Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Սրա վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վաչությունում: Արդեն 2020 թ-ի ապրիլի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում (մինչև փոխհրաձգությունը – խմբ.) Արմեն Հայթյանի կողմնակիցներն իրեն պատկանող մեքենայով հետապնդել են Հովիկ Հակոբյանի ավտոմեքենային, որի ղեկին եղել էր Արման Մելքոնյանը: Արմեն Հայթյանի կողմնակիցներից մեկին այդ ժամանակ հաջողվել է փայտե մահակով հարվածել և կոտրել Հովիկ Հակոբյանի մեքենայի դռներից մեկի ապակին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան