ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրության երկարացման փոխարեն՝ նոր օրենք. ինչ է քննարկում կառավարությունը․ «Ժողովուրդ»

289

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որպեսզի հաջորդ ամիս երկարաձգվի ոչ թե արտակարգ դրությունը, այլ փորձեն շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության շրջանակներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ էր նշել այդպիսի փոփոխության կարեւորության մասին՝ նկատելով, որ արտակարգ դրության ռեժիմն անվերջ չի կարող պահպանվել: «Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել», – նշել էր նա:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է նորմալ աշխատել եւ այնպես անել, որ օրենսդրության մեջ բացեր չլինեն: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունում այս օրերին բուռն աշխատում են, որպեսզի կարողանան կարճ ժամանակահատվածում ներկայացնել նոր նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքում են աշխատանքները: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Ներկայում օրենսդրական փոփոխությունների շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են. փոփոխությունները վերաբերում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին եւ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին։ Իսկ թե երբ աշխատանքները կավարտվեն ու կներկայացվեն կառավարություն, այս պահին կոնկրետ ժամկետ նշել չեմ կարող»։

Հավելենք, որ Հայաստանում արտակարգ դրությունը վերջին անգամ երկարաձգվեց օրեր առաջ՝ հուլիսի 13-ին, եւ օգոստոսի 12-ին ավարտվելու է մարտի 16-ից հայտարարաված եւ արդեն չորրորդ անգամ երկարաձգված արտակարգ դրությունը: Եվ, մեր տեղեկություններով, իշխանությունները նպատակ ունեն մինչ այդ ներկայացնել նոր փոփոխությունը: Եվ չնայած այժմ Ազգային ժողովում արձակուրդային շրջան է, սակայն չի բացառվում՝ այս օրենքի քննարկման համար պատգամավորներին կանչեն Ազգային ժողով: Ամեն դեպքում, այս պահին օրենքի մշակման շուրջ քննարկումները շարունակվում են»:

Մանարամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։