Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարուհու առջևի ատամն ընկել է հենց լուրերի թողարկման ժամանակ (տեսանյութ)

439

Ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարիչկա Պադալկոյի առջևի ատամն ընկել է լուրերի թողարկման ժամանակ: Սակայն հեռուստահաղորդավարուհին իրեն չի կորցրել, բռնել է այն ու շարունակել լուրերի թողարկումը:

Միջադեպը ցուցադրող տեսանյութը հայտնի է դարձել սոցցանցերում: Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը գովել են հաղորդավարուհու պահվածքը և ցավ հայտնել կատարվածի առնչությամբ:

Ավելի ուշ Պադալկոն ինստագրամյան իր էջում մեկնաբանել է կատարվածը:

Նա նշել է, որ ոչ թե դիմացի ամբողջ ատամն է ընկել, այլ դրա մի մասը, որը վերջերս ատամնաբույժն էր դրել: Նա նշել է, որ ատամնաբույժն արգելել էր իրեն մինչ բուժման ավարտն առջևի ատամներով որևէ բան կծել, իսկ նա հետևողական չի գտնվել:

«Նոր «փառքը» եկավ այնտեղից, որտեղից չէինք սպասում: Աջակցությունը նույնպես: Սա, հավանաբար, քսան տարվա աշխատանքիս ընթացքում ամենակուրիոզային դեպքն էր: Ուղիղ եթերը հենց դրանով է հիասքանչ, որ այն միշտ անկանխատեսելի է»,- ասել է Պադալկոն: