Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու չարչարանքը կորի. մոսկվահայերը գնել են արտահանված ողջ ծիրանը (Տեսանյութ)

643

Մոսկվայի և հարակից շրջանների հայերը անցած գիշեր օգնության են հասել Մոսկվայի «Food City» շուկայի տարածքում բեռնատարներով մնացած հայ առևտրականներին և փորձել օգնել ծիրանի իրացման հարցում։ Հայերը և համախմբված գնել են ծիրանը, և օգնել բեռնատարներն այլ առևտրի կենտրոններ տեղափոխելու հարցում։

Սոցիալական ցանցերում այս ակցիան մեծ տարածում է գտել։ «Մոսկվայում ողջ հայերը ծիրան են գնում, արդեն մի քանի ժամվա ընթացքում բոլոր ֆուռերը գնված են», «Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու 1 տարվա չարչարանքը գնա կորի» գրել են մոսկվաբնակ հայերը։

 

Հայկական բեռնատարների մուտքը շուկայի տարածք այս պահին դեռ արգելված է, սակայն առևտրականների հաղորդած տեղեկատվության համաձայն՝ ոմանք հայկական համարանիշերը հանում են, ռուսական համարանիշ են դնում և կարողանում են մուտք գործել շուկայի տարածք՝ բերքն իրացնելու նպատակով։

Նշենք, որ «Food City» շուկայի ղեկավարությունը երեկվանից արգելել էր հայկական բեռնատարների մուտքը շուկայի տարածք։ Հայ արտահանողներն այստեղ խնդրի էին բախվել, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման այս օրերին ադրբեջանցի առևտրականները որոշել են չգնել հայկական գյուղմթերքը։

Հայ արտահանողներն էլ ապրանքը վաճառել են այլազգի առևտրականներին։ Տեսնելով, որ հայերի ապրանքը վաճառվում, է «Food City» շուկայի ղեկավարությունը տարածիքց հանել է հայկական բեռնատարները, քանի որ շուկայի սեփականատերը արմատներով Ադրբեջանից է։

Թեպետ այս քայլը շուկայի ղեկավարությունը բացատրել է նրանով, որ չեն ուզում, որպեսզի բախումներ սկսվենն հայերի ու ադրբեջանցիների միջև։Ռուսաստանաբնակ հայերը անցած գիշեր օգնել են բեռնատարների մի մասը այլ շուկաներ տեղափոխելու հարցում։

Արտահանողները մեզ հետ զրույցում ասացին, որ, մասնավորապես, հայտնի «Բուխտա» և այլ առևտրի կազմակերպման վայրեր են տարել բեռնատարները, որտեղ հայերն են մեծամասամբ վերահսկում իրավիճակը։

«Չտեսնված բան տեղի ունեցավ, հայերը համախմբված եկան ու բեռնատարները տարան այլ շուկաներ։ Իրենք էլ գնեցին, բայց ապրանքը շատ է, դեռ չի իրացվել»,- մեզ հետ զրույցում ասաց արտահանողներից մեկը։

Երեկ շուկայի տարածք են գնացել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատն ներկայացուցիչները, փորձել խնդիրը տեղում պարզել ու լուծումներ տալ։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի տեղեկացմամբ՝ ԵԱՏՄ-ում ՀՀ ներկայացուցիչները ևս եղել են շուկայում։