Ո՞րքան է վճարում քաղաքացին տնային պայմաններում կորոնավիրուսից բուժման համար

209

Տնային պայմաններում կորոնավիրուսից բուժվող քաղաքացիների մոտ դժգոհություն է հասունանում։ Նրանք չգիտեն՝ սնունդ գնեն արտակարգ դրության պայմաններում գոյատևել կարողանալու համար, թե ունեցած ողջ գումարները ծախսեն դեղորայքի վրա։

«Հրապարակը» զրուցել է այս պահին կորոնավիրուսից բուժվող քաղաքացիներից մեկի հետ, հասկանալու համար՝ ի վերջո 1 քաղաքացին որքան գումար է ծախսում տնային պայմաններում վիրուսից ապաքինման համար։
«Նախ սկսենք այնտեղից, որ համակարգչային շերտավորումը անվճար չէ, դրա համար ստիպված ես վճարել 25 հազար։ Կոնկրետ ինձ ազիթրոմիցին են նշանակել, հակաբորբոքային է, որը պետք է օգտագործել գոնե 7 օր։ Ըստ երկրների արտադրության գները տատանվում են 1400-ից 3100 դրամի սահմաններում, բայց ասում են՝ ցանկալի է 3100-ը, արդեն 3 տուփ վերցրել եմ։ Դե ջերմիջեցնողները եկեք չհաշվենք, բայց C և D վիտիմիններ էլ են նշանակում, տարբեր արտադրությունների կան, մեկ տուփը C-ն2500 է, D-ն՝ 3500։ Այս ամենը ասում եմ նորմալ տանող հիվանդների մասով, երբ ամեն ինչ այդքան բարդ չէ, վերահսկողություն կա»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ վերջում կրկին համակարգչային շերտավորում է անհրաժեշտ և այս հաշվարկներով մեկ անձը վիրուսի հաղթահարման համար մոտավորապես վճարում է 65-ից 70 հազար դրամ։

«65-ից 70 հազար դրամ մեկ անձը, բայց այլ բաներ էլ է պետք հաշվի առնել։ Հիմա, ասենք, ընտանիք կա, որտեղ 5- 6 հոգի հիվանդ է, դե պատկերացրեք՝ ինչ թվերի մասին է խոսքը։ Միայն դեղորայքով չէ, հայնտի է, որ հիվանդներին նշանակվում է վիտամիններով հարուստ սննդակարգ, որոնք հաստատ էժան չարժեն, սա էլ գումարեք, տեսեք՝ ինչ է ստացվում, հաստատ լավ չի ստացվում»,- ասաց քաղաքացին։

Տեղեկացանք նաև, որ պոլիկլինիկաների և տնային պայմաններում կորոնավիրուսից բուժվող քաղաքացիների միջև կապը հիմնականում հեռախոսազանգերով է պահվում, պոլիկլինիկա այցելում են հազվադեպ, նրանք, ովքեր հեշտ չեն տանում։