«Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները». Արթուր Վանեցյանի հայտարարությունը

440

Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Այս մասին «Հայրենիք» կուսակցության համագումարին ասել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք. Համագումարի հարգելի պատվիրակներ, գործընկերներ, Մենք բոլորս, ինչպես և համայն հայության գերակշիռ մասը, մեծ հույսեր ունեինք և ոգևորությամբ ընդունեցինք թավշյա հեղափոխությունը: Մենք ոչ միայն ընդունեցինք, այլև մեզնից շատերն իրենց փորձն ու ունակությունները, եռանդն ու էնտուզիազմը ներդրեցին հեղափոխության ընթացքում հայտարարված նպատակները կյանքի կոչելու գործին։

Դրանով մենք փորձում էինք նոր որակ, իմաստ և, ամենակարևորը, բովանդակություն հաղորդել գործընթացներին՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում: Ես իմ ողջ գիտակից կյանքում աշխատել եմ այլ ոլորտում, ծառայել եմ իմ պետությանը, և երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր կդառնամ որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորեմ որևէ կուսակցություն։ Բայց կյանքը մեծ անակնկալներ անելու հատկություն ունի, և ստացվեց այնպես, որ ես որոշում կայացրեցի` զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Հենց սկզբից ուզում եմ պատասխանել այն հարցերին, որոնք, կարծում եմ, հետաքրքրում են ձեզ և մեր հասարակությանը. ո՞րն է քաղաքականություն մտնելու իմ մոտիվացիան և ի՞նչն է ինձ դրդել դրան։ Ասեմ մեկ բառով. պատասխանատվությունը։ Ցանկացած բարդ իրավիճակում իմ պատասխանատվության զգացումը մշտապես հաղթել է։ Այսօր ես ունեմ պատասխանատվություն պետության, հասարակության, ապագա սերունդների հանդեպ։

Ես հանգիստ խղճով և պարզ ճակատով կարող եմ պնդել, որ արել եմ ամենը, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը։ Իհարկե սա չի նշանակում, որ չեն եղել բացթողումներ, սակայն կարող եմ վստահորեն հայտարարել, որ թույլ չեմ տվել գաղափարների խեղաթյուրում կամ շեղում՝ ընտրված ճանապարհից: Ես շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով, ձերբազատվելով ժամանակավոր, երբեմն՝ պատահական, ուղեկիցներից: Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ։

Ո՞վ ենք մենք և ուր ենք գնում. Իմ պատկերացումները հետևյալն են․ Մենք առաջարկում ենք ծրագիր և գործելաոճ, որի հիմքում են.

  • Պատասխանատվությունն՝ ընդդեմ ինֆանտիլիզմի
  • Ազնվությունն՝ ընդդեմ ստի և մանիպուլյացիայի
  • Կարգապահությունն՝ ընդդեմ ամենաթողության
  • Միասնականությունն՝ ընդդեմ պառակտման
  • Համակարգն՝ ընդդեմ քաոսի
  • Կայունությունն՝ ընդդեմ անորոշության
  • Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի
  • Պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի

Անթույլատրելի եմ համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը: Գիտակցելով մեր երկրում լուրջ, համակարգային բարեփոխումների, երբեմն՝ արմատական վերափոխումների կարևորությունը և պատրաստ լինելով ստանձնել դա անելու պատասխանատվությունը, մենք միևնույն ժամանակ հեռու ենք այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական մեր թվարկությունը սկսվել է այն պահից, երբ ոմանք երկիրը գունաբաժանել են սեւի եւ սպիտակի: Մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից: Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար: Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։

Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ: Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր: Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ: Հարգելի կուսակիցներ, Այժմ խոսենք, թե ինչ գաղափարական հիմքի վրա ենք մենք գործելու։ «Հայրենիք» կուսակցությունը կենտրոնամետ՝ աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում դնելու է ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը: «Հայրենիք» կուսակցությունը ասպարեզ է գալիս մեր քաղաքացիների անվտանգության ապահովման, նրանց բարօրության ու առաջադիմության, նրանց իղձերի իրականացման համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ։ Մեր քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները»։