Ինչ իրավիճակ է Տավուշի սահմանամերձ գյուղերում․ մանրամասներ

265

Մեր գյուղի եւ դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը։

«Գյուղում ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա։

Իսկ, ահա սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում հակիրճ տեղեկացրեց, որ այս պահին գյուղում իրավիճակը լարված չէ։

«Իրավիճակը գյուղում նորմալ է, ավելին ասել այս պահին չեմ կարող»,-նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Հայկական կողմից կորուստներ չկան: