Դիրքերnւմ шյրվшծքներ ստшցած զինվորը 5 ժամ oգնություն չի uտшցել, կրшկը հանգցրել են հnղnվ ոn ջրnվ․ ահազանգ

59

Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում մեկ ամիս առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, այրվածքներ ստացավ, ինչի հետևանքով էլ հուլիսի 26-ին մահացավ։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, սակայն, որևէ պարզաբանում դեպքի վերաբերյալ չի ներկայացրել։ Սգակիր Պողոսյանները, որ որևէ կերպ չեն հաշվում 19-ամյա Պալյանի մահվան հետ, վշտացած են նաև պետական գերատեսչությունների վերաբերմունքից։

«Անփույթ ու անպատասխանատու են»,- ասում են Պալյանի ծնողները և նշում, որ հուլիս 16-ի լույս 17-ի գիշերը ժամը 2։00-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին տեղեկացել են միայն հուլիսի18-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում. գրում է Forrights.am-ը։

Պալյանի այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը։ «Զինակից ընկերներից՝ զանգի միջոցով, իմացանք, որ դեպքը պատահել է»,-ասաց հայրը՝ Ջիվան Պողոսյանը։

«Ոչ մի հրամանատար, ոչ մի աֆիցեր մեզ ոչ մի բան չի ասել։ Շուտ ասեին, գուցե ես շուտ հասնեի, իմ էրեխուն փրկեի»,-նշում է Պալյանի մայրը՝ Գալյա Այվազյանը։

Ուշագրավ է, որ նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է միայն դեպքից 8 օր անց՝ հուլիսի 25-ին։ Գերատեսչությունը հայտնել էր, որ Պալյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել։

Նշվում է, որ Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Ծնողների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին՝ Պալյանի հանգստի ժամին։ Այրվածքներ ստանալուց հետո, երբ Պալյանը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կետրոն՝ 3-4 օր ծնողների հետ շփման մեջ է եղել, նրանց որոշակի մանրամասներ է փոխանցել։

Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում, թե ինչպես այրվածնքեր ստացած որդին շուրջ 5 ժամ առաջին բուժօգնություն չի ստացել։

Ըստ նրանց՝ ժամը 2-ին այրվածքներ ստացած Պալյանը մինչև առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում սպասել է բուժօգնության, քանի որ դիրքերից հնչող ահազանգին ժամեր շարունակ արձագանքող չի եղել։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։ Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ուեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-միմյանց լրացնելով պատմում են ծնողները։

Մոր՝ Գալյա Այվազյանի խոսքով էլ ծառայակիցները Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։ «Էրեխու վրայի կրակը մարվել է հողով և ջրով։ Մարմնի ինֆեկցիան անցել է հողից ու ջրից»,-ասում է մայրը և շարունակում, որ տղային հոսպիտալ տեղափոխել ոչ միայն ուշացումով, այլ նաև այրվածքից ստացած վերքերը խորացնելով։

«Իրեն տեղափոխել են «Վիլիս» մեքենայով՝ առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում։ Նստել է մինչև առավոտվա ժամը 06:00-06:30-ը՝ դիմանալով ցավերին։ Իմ տղայի բերանի բառերն եմ ասում։ Պատկերացնո՞ւմ եք «Վիլիսի» մեջ այդքան այրվածքով նստել է՝ վերքերը տրորվելով։ Էրեխուս ամբողջ դեմքը, իրանը, որովայնը, վերին և ստորին վերջույթներն այրված տեղափոխել են «Վիլիսով»՝ պոստից մինչև Սիսիանի հոսպիտալ։ Պոստն էլ գտնվում է 3700 մետր բարձրության վրա՝ ամենաբարձր պոստն է, Ծղուկի (լեռ Սյունիքի մարզում) պոստն է»,-ասաց մայրը։

Ինչո՞ւ Պալյանին, գոնե Սիսիանից ուղղաթիռով չեն տեղափոխել Երևան, այս հարցի պատասխանն են ակնկալում ստանալ ծնողները։ «Սիսիանի հոսպիտալից տեղափոխությունը չէ՞ր կարելի կատարել ուղղաթիռով, մեր պետության ուղղաթիռերն ինչի՞ համար են, հաճույքների՞»,-հարցնում է Պալյանի մայրը։

Ոչ Այրվածքաբանության ազգային կենտրոն, ոչ էլ Ազատան համայնք, որտեղ բնակվում են Պողոսյանները, նրանց Պաշտպանության նախարարը չի այցելել։ Պալյանի հայրը որդու մահվան մեղավոր և պատասխանատու համարում է Սուրեն Պապիկյանին՝ շեշտելով, որ միջադեպը եղել է նրա անփույթ կառավարման հետևանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։