Աննա Հակոբյանին Նիցցայում ուղեկցել է Սամսոն Օզարատը․ Ո՞վ է նա

49

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել էր Մոնակո, Նիցցա եւ այդ այցի մասին իր էջում գրել․ «Շնորհակալ եմ այս երկու պատկառելի եւ Մեծ հայրենասեր պարոններին՝ Նիսի Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանին (աջից) եւ SOS-Armenie Cote d’Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատին՝ ինձ Նիցցա հրավիրելու չորսօրյա խիստ հագեցած օրակարգի ընթացքում անհոգնել ուղեկցելու համար»։

Իրականում, այս անձինք թուրքական լոբբիստներ են, որոնց հանրությունը լավ է ճանաչում։ Եվ այն, որ Փաշինյանի կինը շփվում է այս անձանց հետ, առնվազն սկանդալային փաստ է։ Ադրբեջանական Haqqin.az-ն այս առիթով բավականին ընդարձակ հոդված է հրապարակել՝ գրելով․ «Խորհրդավոր թուրքը վերստին ասպարեզում հայտնվել է 30 տարի անց»։ Եվ հիշել են, որ 1993 թվականի մարտին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, էթնիկ թուրք եւ հայկական սփյուռքի ակտիվ գործիչ Սամսոն Օզարարատը կազմակերպել է գաղտնի հանդիպում թուրք ազգայնականներ Ալփարսլան Թյուրքեշի, որը «Գորշ գայլեր» խմբավորումն էր ներկայացնում, եւ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ։

Ադրբեջանական պարբերականը գրում է, թե արդյոք կկարողանա՞ Աննա Հակոբյանը համոզել հայկական սփյուռքին, իսկ հայկական աղբյուրները, ըստ հոդվածի, գրել են, որ «Աննա Հակոբյանի՝ Լազուրե ափին գտնվելու նպատակը հայ ազդեցիկ սփյուռքին համոզելն է՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջներից, եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելը, հնարավոր է նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության ձեռքբերման գործընթացին աջակցելը, որն իր մեջ ներառում է նաեւ հրաժարում Ղարաբաղից։

Ավելի վաղ Զարեհ Սինանյանն արդեն հանդիպել էր սփյուռքյան ակտիվիստների հետ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, սակայն առանձնապես մեծ հաջողություններ այս մասով չէր գրանցել։ Սինանյանի հետ հանդիպման ժամանակ արտասահմանի հայերը, մեղմ ասած, տրամադրված են եղել ոչ կառուցողական եւ փոխանակ գործնական քննարկումներ անելու, գոռացել են «Նիկոլ՝ դավաճան», «Զարեհ՝ դավաճան» կարգի լոզունգներ։ Թերեւս հենց այս պատճառով է որոշվել Զարեհ Սինանյանի առաքելությունն ուժեղացնել՝ ներառելով նաեւ Հայաստանի առաջին տիկնոջը։ Սրան բուռն են արձագանքել հայաստանյան սոցկայքային սեգմենտի օգտատերերը, հիշելով Աննա Հակոբյանի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած, մեղմ ասած, էքսցենտրիկ վարքագիծը»։

Վերադառնանք լեդիի ֆրանսիական վոյաժին

Haqqin.az-ը նշում է նաեւ, որ «44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ ձեւավորվել է խոր անդունդ։ Հայաստանի կրած ծանր պարտությունն առնվազն տասնամյակներ ցրեց միֆը հայկական հզոր սփյուռքի մասին, որը, ինչպես պարզվեց, անկարող գտնվեց թե՛ պատերազմի կանխման հարցում, թե՛ Ադրբեջանին՝ իր գրավյալ տարածքները վերադարձնելու հարցում։

Իր հերթին հայկական սփյուռքը նաեւ թիկունք դարձրեց Երեւանին, քանի որ պարտության հիմնական մեղավոր համարեց Հայաստանի գործող ղեկավարությանը։ Արդյունքում, հայկական սփյուռքի ղեկավարները, ովքեր ժամանակին Երեւանում թելադրում էին «քաղաքական նորաձեւությունը», գործնականում այսօր որեւէ ազդեցություն չունեն Փաշինյանի որոշումների վրա, ներառյալ նաեւ՝ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Միաժամանակ, Հայաստանում տիրող ծանր տնտեսական վիճակը թույլ չի տալիս Հայաստանի գործող կառավարությանը՝ ամբողջապես անտեսել սփյուռքի գործոնը»։ Ինչո՞ւ Աննա Հակոբյանի եւ Զարեհ Սինանյանի համատեղ այցը սկսվեց Ֆրանսիայից։ Ադրբեջանական պարբերականն ասում է՝ պատասխանը կարելի է գտնել լուսանկարներում, որոնցով Աննա Հակոբյանը կիսվում է ֆեյսբուքյան իր էջում․ նկատի ունի Սամսոն Օզարարատի հետ լուսանկարը։

Ո՞վ է Սամսոն Օզարարատը

«Սամսոն Օզարարատը ծնվել է 1951 թվականին`թուրքական Կոնիայի նահանգում։ Ուսանել է Թուրքիայում, իսկ 1980 թվականին ամուսնացել է Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող կնոջ հետ ու ընդմիշտ տեղափոխվել Նիցցա։ Երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը,- գրում է Haqqin.az-ը,- որը հանգեցրեց Ադրբեջանի տարածքների ¼-ի գրավմանը, Սամսոն Օզարարատը ստեղծեց «ՍՕՍ Արմենիա» կազմակերպությունը, որը կոորդինացնում էր Հայաստան բերվող մարդասիրական օգնությունը, իսկ 91-98 թվականներին հանդիսացել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահաստիքային խորհրդականը։ 93-ի սկզբին, երբ Հայաստանում պարենի եւ հացահատիկի դեֆիցիտ կար, Սամսոն Օզարարատը կապ է հաստատել Թուրքիայի ներկայացուցիչների հետ եւ առաջարկել՝ որպես «բարի կամքի դրսեւորում», Հայաստան ուղարկել 200 հազար տոննա ցորեն՝ այդպիսով առիթ ստեղծելով, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։

Թուրքիայի այն ժամանակվա ղեկավարությունը դա համաձայնեցրել է Ադրբեջանի հետ եւ Հայաստան ուղարկել 41 հազար տոննա ցորեն։ Դրանից հետո Սամսոն Օզարարատը ձեռնամուխ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջնորդական առաքելության իրականացմանը։ Ու սկզբում որոշել է պարզել, թե այդ գաղափարին ինչպես են վերաբերվում թուրք նացիոնալիստները, ինչի համար էլ հանդիպել է Ալփարսլան Թյուրքեշի հետ:

1993-ին Օզարարատը մեկնում է Անկարա՝ Թյուրքեշի հետ հանդիպելու։ «Սեւ գայլերի» առաջնորդը պատրաստակամություն է հայտնում՝ աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը։ Այդ ժամանակ Օզարարատը Թյուրքեշին առաջարկում է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ, ով նույն տարվա մարտին պատրաստվում էր այցելել Փարիզ, որպեսզի նրան փոխանցեր իր տեսակետն անձամբ։ Թյուրքեշը համաձայնում է, ի տարբերություն ՀՀ նախագահի, ով մտավախություններ ուներ «Գորշ գայլերի» առաջնորդի հետ դեմառդեմ հանդիպման հետ կապված։ Սակայն Օզարարատը կարողանում է համոզել Տեր-Պետրոսյանին։

Սպասվող հանդիպման մասին Թյուրքեշն իր հերթին տեղեկացնում է թուրքական այն ժամանակվա ղեկավարությանն ու Բաքվին։ Գաղտնի հանդիպումը տեղի է ունենում 93-ի մարտին՝ փարիզյան հյուրանոցներից մեկում։ Հայկական կողմը ներկայացնում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարազատ եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, իսկ թուրքական կողմը՝ Թյուրքեշի որդին՝ Թուղրուլը, եւ Փարիզում թուրքական դեսպան Թանսուգ Բլեդան։ Հանդիպման ժամանակ քննարկվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դադարեցման հարցը, եւ Թյուրքեշը պայմաններ է առաջ քաշում.
• Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից։

• Կողմերը պետք է ճանաչեն մեկմեկու տարածքային ամբողջականությունը ներկա սահմաններում եւ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ։

• Կողմերը պետք է սկսեն խաղաղ բանակցություններ`հրաժարվելով իրար հանդեպ ունեցած տարածքային պահանջներից։

• Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ միջանցքի անվտանգությունը պետք է հսկեն միջազգային դիտորդները։

• Կարգավիճակի մասին հարցը պետք է հետաձգել ավելի ուշ ժամանակի կամ էլ քննարկել Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ժամանակ՝ կրակի դադարեցումից հետո։

Թյուրքեշը Տեր-Պետրոսյանին նաեւ առաջարկում է տարանցիկ հաղորդակցություն Հայաստանի համար Թուրքիայի տարածքով եւ ծովային ու ցամաքային եղանակով`առաջ քաշելով

«Անդրկովկասյան ավտոմայրուղու» նախագիծը, որը պետք է անցներ Հայաստանի տարածքով ժամանակակից «Մետաքսի ճանապարհով» եւ միավորեր Հարավային Կովկասի 3 երկրները։
Նախագծում նախատեսվում էր նաեւ երկաթուղու եւ խողովակաշարի կառուցում, որով Ադրբեջանից նավթն ու գազը պետք է տեղափոխվեին Թուրքիա։ Ի պատասխան՝ Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանը համաձայն է դադարեցնել կրակը, սակայն հարցը պետք է նախապես քննարկել կառավարության արմատական թեւի ներկայացուցիչների հետ։ «Ես հիմա ավելի բարդ վիճակում եմ, քան Էլչիբեյը,- ասում է Տեր-Պետրոսյանը,- սակայն մենք կքննարկենք Ձեր առաջարկները»։ Բայց Երեւանում արմատականները չեն ընդունում այդ առաջարկները, եւ մի քանի շաբաթ անց հայկական ուժերը գրավում են Քարվաճառը։ Այնուամենայնիվ, Թյուրքեշի գաղտնի շփումները Հայաստանի հետ շարունակվում են նաեւ հրադադարի հաստատումից հետո։ Դրանք ավարտվում են միայն Թյուրքեշի մահվամբ։

Հետագայում Սամսոն Օզարարատը նորից է հանդես գալիս որպես միջնորդ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններում, որոնց արդյունքում ստորագրվում են ցյուրիխյան արձանագրությունները, որոնք այդպես էլ չիրականացվեցին։ 2012 թվականին Օզարարատն ուղեկցում է այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին`Երեւան այցելության ժամանակ, ով Հայաստան էր այցելել՝ «Սեւծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության նիստին մասնակցելու»։ «Օզարարատը միջնորդի դեր է ստանձնում ամեն անգամ, երբ թուրքական կառավարությունը նախաձեռնում է գաղտնի դիվանագիտություն Հայաստանի հետ»,- 21 թ․ ապրիլին գրել է հայ-ամերիկյան The Mirror Spectator-ը։

2021 թվականի փետրվարին, Նիցցա կատարած այցի ընթացքում, Զարեհ Սինանյանը հանդիպում է Օզարարատի հետ, իսկ եւս մեկ ամիս անց`մարտին, Օզարարատին տեսնում են Երեւանում։ Մամուլում հայտնվում են հրապարակումներ, որ Թուրքիան եւ Հայաստանն ուղիներ են որոնում հարաբերությունների նորմալացման համար։ Նշվում է՝ քանի որ ղարաբաղյան հարցն արդեն «լուծված» է, լուրջ խնդիրներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան։

Հարաբերությունների կարգավորման միակ պայմանը մնում է Հայաստանի հրաժարումը Հայոց ցեղասպանության ճանաչումից, եւ Փաշինյանի կառավարությունն այս պայմանին համաձայնում է։ 2022 թվականի հունվարին Թուրքիան ու Հայաստանը սկսում են պաշտոնական բանակցություններ` հարաբերությունների նորմալացման համար։ Կողմերը նշանակում են հատուկ բանագնացներ`ի դեմս Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի, եւ արդեն երեք հանդիպում են անցկացրել հատուկ բանագնացների մակարդակով։ Հաջորդ հանդիպումը կայանալու էր երեկ՝ հուլիսի 1-ին։

Թուրքական աղբյուրների համաձայն, բանակցությունները հատուկ բանագնացների միջեւ ընթանում են չափազանց բարդ ընթացքով, եւ կողմերը գործնականում չեն շարժվել առաջ։ Պատճառներից մեկը, ըստ Haqqin.az-ի, այն է, որ «Հայաստանն ամբողջապես չի կարողանում հրաժարվել Ադրբեջանի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից, ինչպես նաեւ փորձում է ձգձգել զանգեզուրյան միջանցքի բացումը, իսկ Թուրքիան էլ, ինչպես հայտնի է, բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ ամեն մի փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ»։