ՀՐԱՏԱՊ․ ռուբլին դարձել է աշխարհի ամենաուժեղ․․․

169

Վերջին օրերին ռուսական ռուբլին սկսել է արժևորվել. սա՝ ոչ միայն Հայաստանում։

Ըստ ՀՀ ԿԲ-ի ռուսական ռուբլու միջին փոխարժեքը մայիսի 24-ի դրութամբ 8․02 դրամ է։
Մեկ ամերիկյան դոլլարը վաճառվում է 58․44 ռուբլով։
Մեկ եվրոն վաճառվում է 61.86 ռուբլով։
Նման բարձր ցուցանիշներ 2017 թվականից ի վեր չէին գրանցել։

Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Մերի Հովսեփյանը նշեց, որ ռուբլու արժևորման վրա մի քանի գործոն է ազդել. «Գործոններից առաջինն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԿԲ-ն հայտարարեց սահմանափակումների մեղմման մասին, որոնք, պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, դրվել էին ֆիզիկական անձանց բանկային հաշիվներում ունեցած արտարժույթի փոխարկման կամ դրամական միջոցների դուրսհանման վրա։ Կային նաև մի շարք սահմանափակումներ ռուսական բորսաներում իրականացվող գործարքների մասով, որոնք հունիսի 1-ից մեղմվելու են»։

Մերի Հովսեփյանի խոսքով՝ ռուբլու արժևորման վրա ազդող մյուս գործոնը բնական գազի մատակարարման դիմաց ռուբլով վճարելու՝ եվրոպական երկրներին ուղղված Մոսկվայի պահանջն է. «Նաև սա է արժևորման պատճառ։ Մոտենում են Եվրոպա գազի մատակարարումների վճարման ժամկետները, և ռուբլին ամրապնդվում է ռուսական արտահանող ընկերությունների արտարժութային եկամուտների վաճառքով։ Մի կողմից ռուբլին օգնում է դանդաղեցնել գնաճը, և այս արժևորումը շահավետ է իրենց երկիր ներմուծվող ապրանքների համար, մյուս կողմից՝ այս իրավիճակը մեծ հարված կարող է հասցնել հենց Ռուսաստանում գրանցված արտահանող կազմակերպություններին, որոնք ապրանքներ ու ծառայություններ են արտահանում և եկամուտը ստանում արտարժույթով։ Դրա հետ մեկտեղ, նվազում են նաև պետբյուջեի մուտքերը, որոնց զգալի մասն արտահանման հարկերից է»։

Ռուբլու արժևորման վրա ազդող գործոններից երրորդն էլ, ըստ տնտեսագետի, այն է, որ մոտենում է հարկերի վճարման ժամանակահատվածը։ Ըստ այդմ, կազմակերպությունները ստիպված են իրենց ունեցած արտարժույթը փոխարկել ռուբլու, որպեսզի վճարեն հարկերն ու տուրքերը։ «Այս մի քանի գործոնների համակցությամբ տեսնում ենք օրվա փոխարժեքն ու ռուբլու արժևորումը»,- նշեց Հովսեփյանը։