ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանյան դպրոցներից մեկում աղմկահարույց դեպքի մանրամասները. ինչ է պատմում մայրը

1166

8-րդ դասարանի աշակերտի մայրը՝ Քրիստինե Մելումյանը, ներկայացնում է դասարանում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Դեպքի տեսագրությունը հայտնվել էր համացանցում՝ վրդովմունքի ալիք բարձրացնելով։ Դեպքը թիվ 24 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում է տեղի ունեցել, երկուշաբթի օրը՝ անգլերենի դասաժամին։

Մայրը մյուս մանկավարժներից դժգոհություն չուներ, խոսել է տնօրենի հետ ու պահանջել պատժել ուսուցչուհուն։

Դեպքին արձագանքել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ նշելով, որ խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը: Factor TV-ի նկարահանման պահին դպրոցում էին նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Դպրոցից առայժմ զերծ մնացին մեկնաբանություններից՝ միայն նշելով, որ իրենք ուսուցչուհու արարքը չեն արդարացնում։

Տարածված տեսանյութի տակ թողած մեկնաբանություններում շատերը գրել էին, որ սա ո՛չ եզակի դեպք է, ո՛չ էլ հեշտ լուծելի խնդիր։ Թե որքան հաճախ են նման դեպքեր գրացվում հանրակրթական դպրոցներում, կրթության փորձագետ Քրիստինա Ծատուրյանը դժվարացավ ասել, բայց միանշանակ անընդունելի համարեց երեխայի նկատմամբ նման վարվելակերպը։

Նման մոտեցումը դպրոցներում արդարացնել չի կարելի նույնիսկ այն դեպքերում, երբ աշակերտներն իսկապես խանգարում են դասապրոցեսը կամ աչքի են ընկնում ոչ օրինակելի վարքով՝ ասում է փորձագետը։

Աշխատանքային օրվա ավարտին դեպքին անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն», և որ քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից, և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։