Ցանկացած տեսակի սեռական հարաբերություն միշտ չէ, որ կարող է ապահով լինել երկու զուգընկերների համար, քանի որ դուք երբեմն չեք կարող 100% -ով վստահ լինել որ զուգընկերը չունի որևէ վարակիչ հիվանդություն: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, սկզբնական փուլերում որոշ հիվանդություններ նույնիսկ հնարավոր չէ ախտորոշել: Այս իսկ պատճառով, պատասխանատու վարքագիծը եւ գրագետ պաշտպանությունն այդքան կարեւոր են:
Ի՞նչ վարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ:
Հերպետիկ անգինա (Հերպես վիրուս)
Այս տհաճ վարակիչ հիվանդությունը ծանոթ է շատերին: Այն բնութագրվում է կուլ տալու խանգարմամբ, սրտխառնոցով եւ նույնիսկ ջերմությամբ:
Քլամիդիային վարակ
Քլամիդիան փոխանցվում է սերմնաժայթքումով: Ռիսկի խումբը այն մարդիկ են, ովքեր հաճախ սեռական հարաբերություն ունեն շատ տարբեր զուգընկերների հետ: Վարակը փոխանցվում է անուսի միջոցով եւ օրալ սեքսի ժամանակ:
Կանդիդոզային վարակ
Հայտնի է նաեւ որպես սնկախտ: Հիվանդություն, որը առանձնապես վտանգավոր չի թվում, սակայն, եթե անտեսվում է, կարող է նույնիսկ հանգեցնել անպտղության: Ընդհանուր առմամբ ընդունված է, որ սնկախտը բացառապես կանանց հիվանդություն է, բայց դա այդպես չէ, միկրոօրգանիզմները ազդում են նաեւ առնանդամի լորձաթաղանթի վրա: