Պատրաստ եմ այդ ձայնը կիսել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև. Մարտին Վարդազարյան

175

124 մտավորականներ հանդես են եկել «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով, որտեղ նշում են, որ այս օրհասական պահին իրենք լռելու իրավունք չունեն:

Նրանց շարքում է նաև կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես ասել եմ, որ դրան կողմ եմ, որովհետև իրենք Նիկոլին դեմ են: Ես համոզված եմ, որ երկու ուժերը կազմելու են դաշինք»:

Դիտարկմանը, որ էլի կան ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս գործող իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, նա արձագանքեց. «Չէ, չէ, մնացածը խաղալիքներ են»:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը ժամանակին ՀՀԿ-ի կողմից էր հանդես գալիս ՈԵրևանի ավագանիում, կոմպոզիտորն ասաց. «Այո, այդպես է, բայց երբ ինձ զանգահարեցին ու հարցրեցին՝ կողմնակի՞ց եք արդյոք այս հայտարարությանը, ես ասացի՝ այո, որովհետև նա դեմ է Նիկոլին: Ես ունեմ ընդամենը մեկ ձայն և պատրաստ եմ այդ ձայնը կիսել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև, որովհետև երկուսն էլ Նիկոլի դեմ են: Երկուսից էլ լավ բան տեսել եմ»:

Նա խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին՝ նշելով. «Դրանք վատ տարիներ չէին, եթե համեմատության մեջ նայենք այսօրվա հետ: Դրանք խաղաղ տարիներ էին, շինարարության շարժում կար, արդյունաբերությունը բավական սկսեց աշխատել, հետո նորից դանդաղեց: Իսկ այն, որ արվեստի բնագավառին ուշադրություն էր դարձվում, ինչպես նաև առավել ևս արվեստին ուշադրություն էր դարձվում ՀՀԿ-ի կողմից, դա անկասկած է: Նաև գիտությանը»:

Հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները շատերը հիշում են «Մարտի 1»-ոբվ, «Հոկտեմբերի 27»-ով, քաղաքական սպանություններով, այն կոչում են արյունոտ տարիներ, Վարդազարյանը նկատեց. «Մարտի 1»-ի հետ կապված նայեք այսօրվա վարչապետի գործունեությունը»:

Մարտին Վարդազարյանը հայտարարեց, որ ինքը 2018-ի հեղափոխության ժամանակ էլ ոգևորված չի եղել նոր իշխանության գալով:

blogtime.am