Կրակոցներ Արարատի մարզում․ կա զոհ

213

Հունիսի 13-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում տեղի ունեցած կրակոցների հետևանքով:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի մարզի քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել քննչական խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, սպանություն կատարող անձին, դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: