Եղնիկներում 9 հոգով են մարտ վարել, թշնամին 4 օր դի է հավաքել․ տեղում խաչքար է տեղադրվել

188

2020 թվականի նոյեմբերի 4-ի առավոտյան թշնամին Սուրբ Եղիշե առաքյալի եկեղեցու կողքով հասել էր «Եղնիկներ» կոչվող զորամասի մոտ, նպատակը՝ զորամասը մեջտեղից կիսելն ու Հյուսիսային թևը իրենց տիրապետության տակ վերցնելն էր:

Մինչև ատամները զինված թշնամու խմբին մեր տղաները հանդիպել են բարձունքում, 50 մետր հեռավորության վրա մարտ է սկսվել, որը տևել է 30 րոպե։ Թշնամին փախել է խուճապահար՝ բարձունքում թողնելով ծանր ռազմամթերք, սնունդ, հագուստ և 100-ից ավելի զոհ։ Ըստ մարտը վարած տղաների՝ թշնամին 4 օր դի է կրել տարածքից։

Մարտական գործողություններին մասնակցել է 9 հոգի։ Մարտի ընթացքում 2 աշխարհազորային է զոհվել։ Տղաները խոստացել են, եթե պատերազմն ավարտվի, տեղում ընկած տղաների պատվին խաչքար են տեղադրելու։

«Տղաները լոկ բառի իմաստով չէ, որ նահատակվեցին ու զոհվեցին։ Նրանք նահատակվեցին՝ փրկելով մեր հայորդիների կյանքը»,-ասել է ՊԲ գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը խաչքարի բացման արարողության ժամանակ։

24news.am