Ամոթալի երթ Ստեփանակերտում՝ հայ ժողովրդի դահիճների նկարներով

69

Ռուսական «Մեծ հաղթանակի» ներկայիս մոլագարության ու Մոսկվայից Հայաստանի դեմ աննախադեպ հոգեբանական պատերազմի ու քարոզչության ֆոնին, երբ հայերը ներկայացվում են ֆաշիստներ, Ստեփանակերտում ռուսական «անմահի գունդ» ծաղրանմանակմամբ տեղի է ունեցել երթ:Արցախի ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը երթին մասնակցել է մարշալ Ժուկովի լուսանկարով ու գեորգիեւյան ժապավենով: Մեկ այլ լուսանկարում երթի մասնակցի ձեռքին մարշալ Բուդյոննու լուսանկարն է:Մի հատկանշական դրվագ էլ՝ կողքից մի մասնակից էլ պարզել է Սեդրակ Քոչարյանի ու Պուտինի հոր նկարները:Վիտալի Բալասանյանը Երկրորդ աշխարհամարտից այլ մարշալի անուն չգիտե՞: Օրինակ, մարշալներ Բաղրամյան եւ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Խանփերյանց: Երկրորդ աշխարհամարտում 7 տասնյակ հայ նշանավոր գեներալներ են մարտնչել: Ի վերջո, կարո՞ղ էր պարզել իր հերոս եղբոր լուսանկարը, որը նահատակվեց Արցախի ազատության համար պատերազմում:

Մարշալ Բուդյոննին, ինչպես նաեւ Ֆրունզեն պատասխանատու են 1919-1923 թվականներին քեմալականների հետ ձեռք-ձեռքի հարյուր հազարավոր հայերի սպանության համար՝ Կարսից ու Գյումրիից մինչեւ Զմուռնիա (Իզմիր, Արեւմտյան Թուրքիա):Երկրորդ աշխարհամարտում Հայաստանի դեպքում ռուս-թուրքական համաձայնությունը հանգում էր հետեւյալին. Հայերի ոչնչացումը ռազմաճակատում ծառայում էր իբրեւ Թուրքիայի համեմատական չեզոքության նախապայման: Այս հանգամանքը Կրեմլին թույլ տվեց պահել հարավային սահմանին ընդամենը սիմվոլիկ ռազմական ուժ՝ ՆԿՎԴ սահմանապահներին եւ թեթեւ տեխնիկա: Ստրատեգիական այս մանյովրի համար վճարված է 330.000 հայ տղամարդու կյանք, հիմնովին խզվեց սերունդների միջեւ մշակութային կապը:

Պատերազմի ընթացքում հայաթափվում էր ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանը ու այսպես կոչված «Ադրբեջանը»՝ հատկապես Արցախը եւ Նախիջեւանը: Համեմատության համար նշենք, որ վրացիների եւ թուրքերի գումարային կորուստը չի գերազանցել 110 հազարը:

Հայ ժողովրդի դահիճների, տվյալ պարագայում Ժուկովի ու Բուդյոննու նկարներով երթը ո՞ւմ նախաձեռնությունն է կամ հրահանգը: Ռուսաստանը, որը տիեզերական աղմուկ է բարձրացնում Արեւելյան Եվրոպայում «ազատարար Կարմիր բանակի» հուշարձանները հանելու կապակցությամբ, երբեւէ ծպտուն հանե՞լ է իր հոգեզավակ «Ադրբեջանի» կողմից նույն հայ մարշալների, Երկրորդ աշխարհամարտի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: Դա եւս մեկ վկայություն է, որ Մոսկվան միշտ անտեսել է հայ ժողովրդի ահռելի ներդրումը Երկրորդ աշխարհամարտում: Իսկ դա իր պատճառներն ունի, եւ այդ պատճառներն իրենց վրա զգացել է հենց Արցախը:

Ստեփանակերտում այս ամոթալի երթի փոխարեն այլ երթ պետք է լիներ՝ Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան պատերազմների հայ հերոսների նկարներով արժանապատիվ երթ, առանց գեորգիեւյան ժապավենների: Նժդեհի պատվանդանին փշրված ռուսական ներկայիս կեղտոտ արշավը պետք է փշրվեր նաեւ Ստեփանակերտի փողոցներում: Այս ամոթալի երթը ազատում է ռուսների ձեռքերը եւ ալիբի տալիս նրանց՝ հայերի դեմ հետագա սադրանքների համար:Հավերժ փառք հայ զինվորին՝ նրա սխրանքն իզուր չէր: Մարտունու եւ Աղավնոյի բնակիչները վառ են պահում նրանց հիշատակը: Հաղթանակներն առջեւում են:

blogtime.am