Ադրբեջանն ունի հայ գերիների ու անհետ կորածների թիվը. Զոհրաբյան

201

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է գերեվարված ու անհետ կորած անձանց՝ «իշխանության բացասական վարքագիծ» համարելով այն հանգամանքը, որ չի հրապարակվում նրանց քանակը։

«Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն ունի այդ թիվը: Ադրբեջանն իր մոտ կարող է հաշվել մեր հայրենակիցների դիերն ու իմանալ, թե քանի զոհ ենք տվել: Իր մոտ գտնվող գերիների թիվը ևս ունի: Բա գաղտնիքն ումի՞ց ենք պահում, Ադրբեջանի՞ց: Նա այդ տեղեկություններն ունի: Եթե այդ թիվը գաղտնի ենք պահում մեր հայրենակիցներից, բնականաբար, ամեն մեկն իր երեւակայությամբ ինչ ուզես, կարող է մտածել:

Այն լուրերը, որ պտտվում են, որ մեր հայրենակիցներից մի քանիսին ուղարկել են Թուրքիա որպես օրգանների դոնոր, նմանատիպ լուրերին սկսում են հավատալ»,-ասել է նա, ապա նաև տեղեկացրել, որ ինքն անձամբ՝ որպես փաստաբան, դիմել է այդ թիվը ստանալու համար և մերժվել է։

«Դա վիճարկելու եմ դատարանում: Ամեն ինչ անելու եմ, որ հասանելի դառնա այդ թիվը հասարակության համար»,-հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահը: