Հադրութը վերադարձնելու մասին խոսելու ոչ մի լուրջ հիմք չեմ տեսնում. Հադրութի քաղաքապետ

114

Ես էլ տեղեկություն ունեմ, որ Հադրութի շրջանում ադրբեջանցիները տներն այրում են, անգամ տեսանյութեր ենք տեսել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:

«Մենք բոլորս ենք մեղավոր, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, որ աշխարհով մեկ էին արել, որ Հադրութի շրջանում թաքնված 6 հոգի փրկվել էր: Այսինքն շատ հնարավոր է, որ մենք այնտեղ երեխեք ունենանք թաքնված, թշնամին էլ, իմ կարծիքով, վառում է տները, որ այդտեղ հնարավոր թաքնվածները դուրս գան: Ես խորհուրդ կտամ բոլոր լրատվամիջոցներին նմանատիպ հայտարարություններից խուսափել, որովհետև թշնամին այդպիսի բան է լսում, ընդհանրապես չի էլ թողնում, որ որոնողական գործողություն մշակվի: Իմ կարծիքով, իրենք դա անում են նրա համար, որ իրենք այդ որոնողական աշխատանքներն իրականացնեն ու նոր գերիներ ու պատանդներ վերցնեն»,-ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով, տներ այրելու ամենահավանական պատճառը հենց հնարավոր նոր գերիներ վերցնելն է. «Կխնդրեի, որ դրա մասին շատ չբարձրաձայնել, որովհետև շատ հնարավոր է՝ էլի տղաներ լինեն այնտեղ: Ես մի տեսանյութ եմ տեսել, որտեղ ադրբեջանցի գնդապետը կրակում է տան տանիքի ուղղությամբ, որտեղ մարդ կար թաքնված մեր զինվորներից: Հավանական է, որ ադրբեջանցիները վախենում են բարձրանան տները, դրա համար վառում են: Այսինքն ես ավելի շատ հակված եմ կարծել, որ հենց դրա համար են վառում տները, ոչ թե հետ են տալիս Հադրութի շրջանը, դրա համար տներն այրում են»,-ընդգծեց Վահան Սավադյանը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Հադրութի վերադարձը, ինչի մասին խոսել է Վիտալի Բալասանյանը, նա արձագանքեց. «Անկեղծ ասած, ես այդ մասին դեռ վստահ խոսելու ոչ մի լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև ոչ մեկն էլ չի բանակցում, հետևաբար չեմ կարծում, որ դա կարող է իրականություն դառնալ»:
Սավադյանի տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հադրութցիների մոտ 10-15 տոկոսն է միայն վերադարձել Արցախ. «Այնտեղ կացարանի խնդիր կա, շատերն են ուզում գնալ, բայց կացարանի խնդիրը թույլ չի տալիս: Նրանց մեծ մասը հիմա Հայաստանի տարբեր մարզերում են, եթե Արցախում կացարանի հարցը լուծվի, ինձ թվում է, ավելի մեծ թվով մարդիկ կվերադառնան»: