Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման

843

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման:

«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Նրանք մեղադրյալի կարգավիճակում են և կալանավորված են»,- հայտնել է Եգանյանը:

Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասի (վարձկանություն) հատկանիշներով:

Նրանք մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և ձերբակալվել ԱՀ պաշտպանության բանակի ուժերի կողմից:

Գերիների փոխանակման «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի քննարկման ֆոնին վարձկան-ահաբեկիչների հանձնման անհնարինությունը վերջակետ է դնում նրանց փոխանակման ենթադրությունների արծարծմանը: