Սյունիքում ադրբեջանցի զինվորականները հայկական կողմին ստիպել են 800 մետր հետ քաշվել և․․․

208

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս վարչական շրջանի ջոկատին ադրբեջանցի զինվորականները ստիպել են հետ քաշվել։

Արավուս վարչական շրջանի (գյուղ) ղեկավար Արգամ Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրավիճակը նորմալ է այս պահին։ Հետ քաշվելու մասով ասաց, որ տարածքային վեճերը սկսելուց առաջ 1 շաբաթ ջոկատի հետ մնացել են իրենց դիրքերում, որից հետո՝ դուրս եկել։

«Ադրբեջանցիները եկել-ասում էին՝ «Մերն է», ես ասում էի՝ «Չէ, մերն է»։ 1988-90 թվականներին Թորոսի բլուրի մի կողմը մերն է եղել, մի կողմը՝ իրենցը։ Բլուրից մի 800 մետ դեպի մեր գյուղ, մեր պահուստային հողերը, 9 հեկտար սեփականաշնորհված հողը մնաց իրենց»,- նշեց գյուղապետը։

Հովսեփյանի խոսքերով՝ իրենք երեկ են նահանջել և դուրս եկել այնտեղ զբաղեցրած իրենց դիրքերից։

«Երեկ Բաքվից գեներալներ էին եկել, կոշտ ձևի սպառնում էին, ասում էին՝ «Մինչև ժամը 12-ը դուրս չեկար, անօդաչու թռչող սարքով կվառեմ, եթե քո զինվորներին խղճում ես, դո՛ւրս արի»։

Ասում եմ՝ «Գեներա՛լ, չե՞ս մտածում, որ մինչև քո անօդաչու սարքը գա, մեզ վառի, քո վիճակն ինչ է լինելու»։ Պատասխանում է՝ «Կարո՞ղ է, ես քո հողն եմ մտել։ Մի սանտիմետր անցար կկրակեմ, ես ամբողջ օդը հսկում եմ»»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը։

Վերջինս հավելեց, որ իրեն նույնիսկ ադրբեջանական լուրերով են ցույց տվել, թե «Արգամ Հովսեփյանը զավթել է ադրբեջանական հողերը, դուրս չի գալիս»։

«Գեներալն ասաց՝ «Դո՛ւ, ինձ Բաքվից հասցրել ես այստեղ, ամբողջ Ադրբեջանը ոտքի ես կանգնեցրել»։

Ես էլ պատասխանել եմ՝ «Սրանք պահուստային, պայմանագրային հողեր են, 9 հեկտար հողի սեփականության վկայական ունի մեր բնակիչը»։ Ասում է՝ «Մեզ չի հետաքրքրում»։

Գեներալը հետը 1918-20 թվականների քարտեզ էր բերել, որ տպագրված է եղել 1974 թվականին։ Մոտավորապես 800 մետր ենք հետ քաշվել։ Մենք էլ ունեինք քարտեզ»,- նշեց նա։

Հարցին՝ կա՞ն էլի հատվածներ, որոնցից հետ են քաշվել, պատասխանեց, որ ոչ։

«Գեներալն իրեն ագրեսիվ էր, պահում, բայց մինչև այս գեներալի գալը, գնդապետ կար, իրեն նորմալ էր պահում»։

Հովսեփյանը ի պատասխան լրատվամիջոցի հարցին՝ ասաց, որ գյուղի շրջակա աջ և ձախ կողմերում հայկական սահմանապահ զորքերն են։ «Ամբողջ աշխարհը թնդում է, որ Արավուսի գյուղապետն իր տղաների հետ մի շաբաթ կռիվ է տալիս այնտեղ, մեր կադաստրից, մեր կառավարությունից մեկը չեկավ։ Վերջին օրն ադրբեջանցիներից Բաքվից եկել-հասել են այստեղ։ Սյունիքի երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն է եկել, բայց Պողոսյանն ինքն ի՞նչ աներ, կադաստրի աշխատո՞ղ է, ի՞նչ է»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։