«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ, ՈՉ ԹԵ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»

621

44 օր տեւած պատերազմից հետո տեղի ունեցան ցավոտ փոխզիջումներ: ՀՀ վարչապետի կողմից ստորագրվեց մի պայմանագիր, որն ընդվզումների տեղիք տվեց: Այս պատերազմական թեմայից էլ զրուցեցինք «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք վերաբերվում այս վերջին իրադարձությանը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի որոշ շրջանների հանձնման փաստաթուղթը:

– Այս համաձայնագիրը, ղազագիրը ստորագրողի անբովանդակ գոյության գլխավոր իմաստն էր: Այդ անձնավորությունը վերջապես հասավ իր նպատակին: Սա այնպիսի դավաճանություն է, որից հետո ապրելու իմաստն ես կորցնում… հուսահատությունը խեղդում է… Բայց դրանից հետո էլ, ի զարմանս ինձ, Երեւանում ինչ-որ մարդիկ ապրում են շատ նորմալ կյանքով: Շինարարություն է գնում, փողոցներն են ավլում, հաց է թխվում: Պետք է ամբողջ ազգն այդ գիշեր լիներ այնտեղ եւ գտներ այն բունկերը, որտեղից որ լայվն էր գնում: Գտնեին, հարցեր տային եւ հարցերի պատասխանները ստանային: Առանց Շուշիի ո՞նց ենք ապրելու: Ո՞նց: Մեր տղերքի արյունը ո՞նց ենք մարսելու: Բայց մարդիկ, Լ’Օրանժ սրճարանում նստած, հանգիստ շարունակում են իրենց լանչը: Երկիր ենք կորցրել, իրենց տարիքի հազարավոր զինվորներ են զոհվել, պետական դավաճանություն է գործվել, իսկ մարդիկ լանչ են անում:

«ԽՆԴԻՐԸ ՇՈՒՇԻՆ ՏԱԼՆ ԷՐ»

– Լավ, եթե այդպես էր, Ձեր կարծիքով, խաղաղարար զորքերին մինչ այսքան արյուն թափվելը ինչո՞ւ չդիմեցին: Այդ ժամանակ գոնե Շուշին կմնար մեզ:

– Ուրեմն խնդիրը նաեւ Շուշին տալն էր: Եթե վերջնական տեսքը սա է, ուրեմն այդպես էր պայմանավորված: Այսօր մի կին ասում էր, որ Փաշինյանը չի արել: Ասում եմ, իսկ ո՞վ է արել, ասում է Քոչարյանն է ժամանակին ստորագրել, իսկ Նիկոլն էլ ստիպված ստորագրել է: Ես զարմանում եմ, թե ո՞նց կարելի է այսքան ապուշանալ: Էլ ի՞նչ է պետք ինչ-որ բաներ հասկանալու համար: 2008 թվականից Քոչարյանը չկա… կամ… եթե ինձ ստիպեին ծախել երկիրը, մի փամփուշտ կդնեի ատրճանակի մեջ, կմտնեի լայվ, կասեի` ժողովո՛ւրդ, ինձ դեմ են տալիս այնպիսի փաստաթուղթ, որը ես չեմ կարող ստորագրել: Ու կկրակեի բերանիս մեջ: Եթե ես դա չեմ ուզում…

«ԲԱՅՑ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ՈՐԱԿ Է…»

– Երբ գոռում էին` Նիկոլ հեռացիր, դժվա՞ր էր դուրս գալ եւ պատասխանել ժողովրդի հարցերին:

– Դուք վստա՞հ եք, որ Նիկոլն այստեղ է:

– Բայց եթե մի գործ ես անում, պետք է հետեւանքներին էլ պատասխան տաս:

– Դու վճարված ես այդ գործի համար: Եվ բերվել ես դրա համար… 2018-ի ապրիլին հրապարակում ` ժողովրդի մեջ, բացի վճարված ցուցարարներից ե՛ւ աղանդավոր, ե՛ւ սովորական պատվիրակներից, մնացած բոլորը հավատում էին բեմում կանգնած առաջնորդներին, նրանց քարոզած այդքան երանելի արդարությանը: Բոլորը… բացի բեմում կանգնածներից… Քանի որ բեմում կանգնածները լավ գիտեին, թե ինչ պատվեր են կատարելու: Բոլորը մի ծրագիր ունեին եւ արդեն վճարված էին:

– Լավ, քննադատում էին նախկիններին, բայց նախկինները հողեր չհանձնեցին:

– Ինձ համար ցանկացած իշխանություն չարիք է: Բայց… փաստ է, որ քսան տարվա ընթացքում մենք ունեցանք ընդամենը չորս օր պատերազմ, որը չորրորդ օրը կանխվեց… Իհարկե, ցավալի կորուստեր ունեցանք… բայց ընդամենը չորս օր… եւ չորս հարյուր հեկտար… քսան տարվա ընթացքում…որից հետո ոչ թե մենք էինք ցավից ու հուսահատությունից ոռնում, այլ թշնամին…

– Բայց իրենց սխալների մեջ, իրենք են դավաճաններ փնտրում:

– Այդպես պետք է անեն: Իրենք երբեք չեն ասի, որ սխալ են: Նրանց մասին խոսելիս խիղճ եւ ամոթ բառերը պետք է բացառել: Ո՞ւր են այդ ութսունութ հայերը, որտե՞ղ են նրանք:

«ԵՐԿԻՐ Է ՀԱՆՁՆՎԵԼ, ՆՐԱՆՔ ՉԿԱՆ»

– Այդքանից հետո պետք է հաջորդեր հրաժարականը:

– Նորից Դուք խոսում եք ամոթ, արժանապատվություն եւ հայրենիք ունեցող մարդու մասին: Բայց ավաղ… Սա մտածված, հետեւողականորեն իրագործվող ծրագիր էր: Այնպես չէ, որ նրանք աշխատել չգիտեն: Նրանք եկել են եւ գիտեն, թե ինչ են պարտավոր անել: Ամեն առավոտ գալիս է դեսպանատների հանձնարարությունը` այս կանես, այսպես կպատասխանես, հետո լայվ կանես: Երկիր է հանձնվել, նրանք չկան, իսկ երբ Լանզարոտե էր պետք ընդունել, առավոտյան 11:05 րոպե արդեն ընդունված էր:

– Լավ, Լանզարոտեի պայմանագրով իբր պաշտպանվում էր մարդու իրավունքները, եկեղեցի, ծննդատուն էին ռմբակոծում, ո՞ւր էին:

– Իրենք եկել են անելու այն, ինչ որ իրենց կհրամայեն իրենց տերերը, նա, ով վճարել է: Եվ վճարող կողմը նահանջ չի ընդունում:

– Հիմա ժողովրդին բացատրում է, որ շրջափակում էր…

– Բայց ո՞վ ստեղծեց այդ շրջափակումը: Երկուսուսուկես տարի առաջ ինչո՞ւ շրջափակման մեջ չէինք: Շրջափակումը, ավելի ստույգ մեկուսացումը այդ ծրագրի մի հատվածն էր: Զոհրաբ Մնացականյանին էլ բազմաթիվ հարցեր կան: 11 ժամ ի՞նչ էին պայմանավորվում: Դուք չնկատեցի՞ք` ինչ արագ հայտարարվեց, թե ինչ են տալիս եւ ինչ է մնում: Ամեն բան վաղուց որոշված էր…..

Ինձ համար իշխանությունը մնալու է չարիք: Այդ աթոռը շատ գայթակղիչ է եւ կործանարար: Մի չինական պատմություն կա: Նոր դատավորին բերում են աշխատասենյակը ցույց տալու: Ասում են` սա գրասեղանն է, սա պահարանն է, իսկ սա Ձեր աթոռն է եւ սարքված է Ձեր նախորդի կաշվից: Հայաստանում նախորդի կաշի հասկացողությունն է պետք: Եթե կատարել ես պետական դավաճանություն, ապա դատ եւ մահապատիժ: Ոչ մի հրաժարական: Ով ուզում է լինի…դատ եւ մահապատիժ: Եթե այդպես լինի, լավ պատառ տենչողները շատ կմաղվեն:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԻ ՕՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵՐ ՆՎԵՐՆ ԷՐ ՆՐԱՆՑ»

– Պայմանագիրը ստորագրվեց գաղտնի, Ձեր կարծիքով` ինչո՞ւ ժողովրդի հետ չխոսեց նախքան այդ քայլին դիմելը:

– Ընդ որում` նկատեք, թե այդ պայմանագիրը երբ է ստորագրվել` Ադրբեջանի դրոշի օրը: Դա էլ մեր նվերն էր նրանց: Այդքանից հետո ոմանք դեռ ասում են, որ մեղք չունի:

– Այո, Հանրապետության հրապարակում այսօր Փաշինյանին անիծում էին:

– Ես միանում եմ այդ անեծքին: Աստված տա` դա իրագործվի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ