Մեկ «բուխանկա»-ով ու մի բուռ աղով Հակոբը ոտքով Երևանից ճանաապարհ է ընկել դեպի Արցախ․ վստահ է՝ Գանձասար կհասնի ու այնտեղ աղոթք կհնչեցնի, քանի որ Աստված է իրեն ուղեկցում
Հակոբ Միկոյանը որոշել է Երևանից ոտքով Արցախ հասնել․ ճանապարհ է ընկել 3 օր առաջ՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան։ Նպատակը պարզ է ու անկեղծ՝ հանապազօրյա հաց հասցնել պաշարված հայրենակիցներին։
«Ուխտել եմ, որ պիտի հասնեմ Գանձասար ու աղոթք անեմ այնտեղ։ Երբ մարդ բոլորից հույսը կտրում է, սկսում է ապավինել միայն Աստծուն ու այդ ժամանակ Աստված սկսում է գործել։ Հիմա ինձ Նա է առաջնորդում ու ճանապարհիս ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում․ գիտեմ, որ տեղ եմ հասնելու։ Ամսի 2-ի առավոտյան եմ դուրս եկել Երևանից, բայց մինչ այդ ահագին պատրաստվել եմ, ինքս ինձ պատրաստել այս քայլին, պատրաստել եմ՝ հողն աղբից մաքրելով։ Արարիչն է հուշել, որ պետք է սկսել դրանից։ Չէ՞ որ հողը սուրբ է, նրանից ենք ստեղծվել, նրանից ենք սնվում, մահանալով հող ենք դռնում, բայց աղտոտում ենք՝ չհասկանալով, չգիտակցելով, որ չի կարելի այդպես վարվել հողի հետ։ Այսօր 681-րդ օրն է, ինչ ամենօրյա ռեժիմով օրական մեկ պարկ աղբ եմ հավաքում ու ներողություն խնդրում հողից՝ իր հադնեպ մեր այդ անհարգալից վերաբերմունքի համար»,-«Փաստինֆո»-ի հետ հեռախոսազրույցում ասում է Հակոբն ու ավելացնում՝ Արցախ տանող ճանապարհն էլ է աղբը հավաքելով է գնում, լցնում մանուշակագույն տոպրակներն ու դնում ճամփեզրերին՝ հույսով, որ աղբահավաք մեքենա կանցի այդտեղով ու կտանի։
Հենց սեպտեմբերի 2-ին ճանապարհ ընկնելու որոշումը ևս, ըստ նրա, պատահականություն չէ․ խոստովանում է՝ որոշումը կայացնելիս չգիտեր, որ 32 տարի առաջ այդ օրն է Արցախն անկախացել․ ճանապարհին, երբ կանգ է առել հանգստանալու, ֆեյսբուքից է իմացել օրվա խորհրդի մասին ու հասկացել՝ Աստված այդպես է ցանկացել ուրեմն։
Մեզ հետ զրույցի ժամանակ Հակոբն արդեն Այգավան էր հասել։ Օրական, ինչպես նախապես հաշվարկել էր, 20 կմ քայլում է։ Երկու օրում 42 կմ անցել է, այօսրվա անցած ճանապարհն էլ երեկոյան պարզ կլինի։ Երթուղին, որով Հակոբը գնում է, Երևանը Ստեփանակերտին կապող նույն մայրուղին է՝ պատերազմից հետո Բերձորի միջանցքով անցնող։ Որոշել է՝ մշտական ճանապարհից ոչ մի քայլ չի շեղվելու։
Սկզբնական 42 կմ-ը Հակոբն իր շան՝ Ջեկի հետ է անցել։ Այսօրվանից ճանապարհը շարունակում է մենակ․ շունը վատառողջ է, թողել է վստահելի մարդկանց խնամքին, իսկ ինքը շարունակում է բռնած ուղին։ Մերթ ընդ մերթ տարբեր մարդիկ՝ ծանոթ ու անծանոթ, ընկերակցում են Հակոբին։
«Այս պահին Դավիթն ու Սամվելն են հետս քայլում։ Ընթացքում էլի մարդիկ են միացել, հետո գնացել։ Ես գիտեմ, որ վերջնակետին պիտի հասնեմ մենակ ու կհասնեմ։ Ոչ ոք չի կարող ճանապարհ փակել իմ առջև, քանի որ Արարիչն է իմ ուղեկիցը»,-վստահեցնում է Հակոբը։
Երկիրը մաքրապատելու պատգամը, ինչպես Հակոբն է ասում, 2021թ․ հոկտեմբերի 24-ին է ստացել՝ դարձյալ Բարձրյալից։
«Սերմը դնում ենք հողի մեջ ու բերք ենք ստանում։ Շատ կարևոր է, որ բոլորս ազգովի հասկանանք հողի արժեքը՝ այն հողի, որը համարում ենք սուրբ, որի համար պատրաստ ենք զոհել մեր կյանքը․․․ Բայց արի ու տես, որ հողի հանդեպ արհամարհական վերաբերմունք ենք ցուցաբերում գերեզմանից սկսած՝ այնտեղից, որտեղ միաձուլվում են մեր մերձավորները հողի հետ։ Որպես օրինակ՝ ծխում են ու ծխախոտի մնացորդը նետում մեկ այլ մարդու վրա՝ նրա գերեզմանին․․․ Մաքրապատումը հողից պիտի սկսենք ու զուգահեռ մաքրենք նաև մեր ներսը՝ ազատվելով չարությունից, նախանձից, չարախոսելուց, անհիմն քննադատելուց»,-համոզմունք է հայտնում Հակոբը։
Մեր զրուցակիցը նկատում է՝ քանի դեռ չենք արժևորում հողը, կորցնելու ենք, իսկ երբ փոխենք մեր վերաբերմունքը՝ դրսևորելով մարդկային բարձր գիտակցություն, այն ժամանակ կկարողանանք պահել այն, ինչ մերն ենք համարում։
«Ամեն անգամ, երբ կռանում ու աղբ եմ հավաքում, ներողություն եմ խնդրում Աստծուց՝ անկախ նարանից, թե ով է թափել այն։ Ես դա անում եմ՝ որքան կարողանում եմ ու շարունակելու եմ անել, բայց մարդկանց հոգիները մտնել ու մաքրել չեմ կարող։ Այ այստեղ ամեն մեկն իր վրա պետք է աշխատի։ Երբ ուղղակի խոսում ես, արդյունքի չես հասնում, իսկ երբ գործում ես, քայլեր ես անում, սկսում ես այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել, արդյունք ես ունենում»,-ասում է Հակոբն ու հավելում՝ մաքրապատումը պիտի մասսայական լինի, թույլ չտանք, որ նյութականը հաղթի․․․
Երևանից դուրս գալուց Հակոբ Միկոյանն իր հետ մեկ հաց է վերցրել ու մի քիչ աղ։ Ճանապարհին մի անծանոթ մարդ, իմանալով նրա ազնիվ նպատակի մասին, ևս մեկ հաց է տվել ու խնդրել՝ այն ևս հասցնել արցախաբնակ մեր հայրենակիցներին։ Հիմա երկու «բուխանկա»-ով ու մի բուռ աղով Հակոբը վստահ քայլերով առաջ է ընթանում՝ վերջնակետ ունենալով Գանձասարը․․․
Աղբյուր` Փաստինֆո