Քիչ Առաջ: Ծնողներին են հանձնել զինվորի մարմինը
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վաչագան Վարդանյանի մարմինը քիչ առաջ են հասցրել հայրենի գյուղ, նա Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր։ 8 ամիս առաջ էր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։
«Համեստ ու խելացի տղա էր։ Մասնակցում էր հասարակական աշխատանքներին, ամենուր ակտիվություն էր ցուցաբերում, միայն լավն են լսել իր մասին»,– պատմում է Լանջիկի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանը։
Նա ընտանիքի ավագ զավակն էր, ուներ փոքր քույր ու եղբայր։ Եղբայրը սովորում է 12–րդ դասարանում ու այսօր` եղբոր մահվան լուրը իմանալուց ժամեր առաջ, հենց ինքն է հնչեցրել դպրոցի առաջին զանգը։
Վաչագանի հայրը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, վերջին մեկ տարին աշխատում է Երևանում։ Մայրը տնային տնտեսուհի է։ Երկուսն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն, դրա համար Վաչագանը շատ բան իր վրա էր վերցրել։