Միքայել Արամյանց. մարդ, որին լքեց կինը, մարդ, որը մшհшցավ չքավորության մեջ․ Պատմական փաստեր մեծանուն բարերարի մասին

1937

19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, ձեռնարկատեր և մեկենաս, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ավարտել է Շուշիի ծխական դպրոցը:

Արամյանցը եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն ու վարչության անդամը, Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Արամյանցը հուղարկավորվել է Թիֆլիսի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը, ոչնչացվել են…

Միքայել Արամյանցի առաջին բարեգործությունը

Աշխատելով ժամանակի հայտնի առևտրական Թարումանյանի մոտ որպես օգնական և որոշակի գումար վաստակելով, երիտասարդ Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը: Գումարին կցելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին, նա հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին:

Առաջին միլիոնը

Միքայել Արամյանցի ձեռներեցությունը ակնհայտ դարձավ դեռեւս 15 տարեկանից: Որոշ ժամանակ անց առևտրի ոլորտում պատանի Միքայելն այնպիսի տաղանդ է ցուցաբերում, որ նրան նշանակում են «Գործընկերություն» մասնավոր ընկերության ներկայացուցիչ Թավրիզում: Այս նշանակմանը հաջորդած 4 տարիների ընթացքում Միքայելը կուտակում է իր առաջին կապիտալը` շուրջ 3000 մանաթ՝ ժամանակի համար բավականին մեծ կարողություն: Այս գումարի արժեքը հասկանալու համար, կարելի է բերել մի օրինակ` այդ ժամանակ լավ ցեղատեսակի մեկ կովի արժեքը 3 մանաթ էր:

Եվ իր այս սկզբնական կապիտալով Արամյանցը 1871թ. ուղևորվում է Կովկասի աշխույժ հասարակական, մշակութային և առևտրական կյանքով ճանաչված կենտրոն՝ Թիֆլիս:

…28-ամյա Միքայել Արամյանցն արդեն ուներ իր առաջին միլիոնը: Վաստակած այս դրամագլխով նա սկսում է գործվածքեղենի, մետաքսի, բրդի առևտրով զբաղվել: Ներգրավված էր նաև շաքարավազի տարանցիկ առեւտրում` Մարսելի, Թավրիզի ու Թեհրանի միջեւ:

Նավթարդյունաբերողը

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ Անուրանալի մեծ է եղել Միքայել Արամյանցի դերը Կովկասում նավթարդյունաբերության զարգացման գործում: Իրադարձությունների ու հանգամանքների ճիշտ վերլուծության, ինչպես նաև կանխատեսման ու բացառիկ հեռատեսության շնորհիվ նա հասկանում ու գիտակցում է, որ Բաքվի նավթը իսկական ոսկու երակ է, և Ղարաբաղից հրավիրելով իր երեք ընկերներին, նրանց հետ հիմնում է «Բալախանսկայա» նավթարդյունաբերական ընկերությունը: Սակայն չդիմանալով ռուսական և ամերիկյան նավթային հսկաների՝ Նոբելի և Ռոտշիլդների մրցակցությանը, Արամյանցն իր վաղեմի ընկերոջը՝ Մանթաշյանցին, որն այդ ժամանակ արդեն Թիֆլիսի Կոմերցիոն բանկի սեփականատերն էր, առաջարկում է միանալ իրենց: «Չեմ կարծում, թե այս նախաձեռնությունից ինչ-որ բան կստացվի, սակայն թող լինի, ինչ լինելու է: Հանուն Ձեզ Կասպից ծովը կնետեմ մի 50 հազար ռուբլի»,- թերահավատորեն համաձայնել է Մանթաշյանցը:

Բաքվի նավթը երկաթուղով Եվրոպա ու Հնդկաստան տեղափոխելու, ապա Բաքվում կառուցված առաջին նավթամուղի շնորհիվ մի քանի տարի անց ընկերությունը միլիոններ է վաստակում: Արամյանցի ընկերությունը գրասենյակներ է բացել Զմյուռնիայում, Սալոնիկում, Կոստանդնուպոլսում, Ալեքսանդրիայում, Կահիրեում, Պորտ Սաիդում, Մարսելում, Լոնդոնում, Բոմբեյում և Շանհայում:

Սակայն շատ չանցած, ընտանեկան խնդիրների պատճառով Արամյանցը, 14 տարի Բաքվում ապրելուց հետո, վաճառում է իր մասնաբաժինը Մանթաշյանցին և վերադառնում Թիֆլիս:

Նա վայելում էր ժողովրդի անսահման սերն ու հարգանքը

Իր մեծ բարեգործության ու մարդասիրական արարքների շնորհիվ Արամյանցը վայելում էր ժողովրդի անսահման սերն ու հարգանքը: Մեծ բարերարը Բորչալուի շրջանում, իր մրգատու այգիների մոտ, խոնավ հողաշեն տներում բնակվող եղեռնից մազապուրծ եղած հայերի համար նոր բնակելի ավան է կառուցում՝ 80 լուսավոր, հարմարավետ տներով, ընդարձակ փողոցներով, ոռոգման ջրանցքներով, դպրոցով եւ եկեղեցիով: Արամյանցը նրանց հատկացնում է նաև հողագործական գործիքներ, սերմացու: Եվ ի նշան երախտագիտության՝ նոր գյուղի բնակիչները բնակավայրը անվանակոչում են Արամաշեն:

Բարեգործությունը սահման եւ ազգություն չի ճանաչում

…Արամաշենը կառուցելուն զուգահեռ, նա օգնության ձեռք էր մեկնել նաև հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին, սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին: Ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր նրա նկատմամբ հարգանքը, որ երբ Արամյանցը հիվանդանում էր, մարդիկ խոտ էին լցնում նրա տան շեմին, որ անցնող կառքերի ձայնը չխանգարի նրա անդորրը:

Անգնահատելի են Արամյանցի ներդրումնե-րը առևտրի, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառում: Նա հովանավորել է «Հայկական ազգագրական ընկերության», մասնավորապես՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիում կատարվող բոլոր պեղումների և գտածոների պահպանման ծախսերը: Հենց դրանց հիման վրա էլ Արամյանցի հովանավորությամբ հիմնադրվում է Հայաստանի պատմության թանգարանը:

Արամյանցը Թիֆլիսում մեծ համբավ և համաժողովրդական ճանաչում է ձեռք բերում քաղաքում կառուցած հիվանդանոցով, որն աննախադեպ էր ողջ Կովկասում: Նա առաջիններից էր, որ արձագանքել էր Թիֆլիսի իշխանությունների՝ քաղաքում նոր հիվանդանոց կառուցելու կոչին: 1903 թվականին նա Թիֆլիսի քաղաքագլուխ Արղությանին հայտնում է հիվանդանոց կառուցելու պատրաստակամության մասին, պայմանով, որ այն կրելու էր իր անունը:

Հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1910թ.: Սա հիվանդանոցային մեծ համալիր էր՝ կառուցված եվրոպական չափանիշներով: Մասնագետների գնահատմամբ՝ այն իր շինությամբ և սարքավորումներով համապատասխանում էր ժամանակակից գիտության պահանջներին: Արամյանցը ինքն էր անձամբ Եվրոպայից Թիֆլիս բերել տարածաշրջանում առաջին ռենտգենյան սարքավորումը: «Արամյանցի հիվանդանոցը» աշխարհի առաջին հիվանդանոցներից մեկն էր, որտեղ հետազոտությունը, բուժումն, անգամ՝ վիրահատությունը կատարում էին անվճար: Ասում են՝ անգամ բուժանձնակազմի աշխատավարձը անձամբ Արամյանցն էր վճարում իր գրպանից: Կարճ ժամանակ անց «Արամյանցի հիվանդանոցը» Թիֆլիսի քաղաքագլխի որոշմամբ հիվանդանոցային համալիրի կարգավիճակ է ստանում:

Խորհրդային տարիներին հիվանդանոցը վերանվանվել է Կլինիկական թիվ 1 հիվանդանոց, սակայն թիֆլիսցիները այն շարունակել են անվանել «Արամյանցի հիվանդանոց»:

ԹԻՖԼԻՍԸ՝ «ԵՐԿՐՈՐԴ ՓԱՐԻԶ»

Ժամանակակից Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան իր այսօրվա վեհաշուք տեսքով, յուրահատուկ ու գեղեցիկ ճարտարապետությամբ պարտական է Միքայել Արամյանցին, Ալեքսանդր Մանթաշովին, Մելիք Ազարյանցին, Մելիք Շահնազարովին, Քալանթարով եղբայրներին ու էլի շատ հայտնի ու անհայտ անունների: Պատահական չէ, որ նրանց իրենց կառուցող ջիղի, Թիֆլիսի կառուցապատման համար կոչել են «բուրժուական հայ ճարտարապետներ», իսկ Թիֆլիսը՝ Կովկասի Փարիզ: Շատ քչերին է հայտնի, որ վերոհիշյալ բարերարներից միայն Արամյանցը ներկայիս Ռուսթավելի պողոտայում ժամանակի արևմտյան ճարտարապետական ոճով երեք հյուրանոց է կառուցել, որոնցից երկուսը գործում են առ այսօր:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՄՐՈՑ ՀԻՇԵՑՆՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

Արամյանցի շվեյցարական ոճով 1903-1909 թթ. կառուցած հայտնի դղյակը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում՝ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ հյուսիս-արևմուտք: Ցարական Ռուսաստանի օրոք Լոռվա ձորում լուսավորություն ունեցող միակ շինությունն էր, իսկ նրա կառուցած մեծ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:

Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակագիրը։

Արամյանցի մերձակա շրջապատի կողմից շատ հարգի էր նրա Ախթալայի ամառանոցը-դղյակը: Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Խրիմյան Հայրիկը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը, նշանավոր օպերային երգիչ Ֆ. Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Է. Մեժելայտիսը, Ալեքսանդր Մեժուրովը և ժամանակի շատ ու շատ երևելի հայտնիներ:

Այսօր պատմական արժեք եւ ճարտարապետական յուրահատկություն ունեցող դղյակը գտնվում է աղետալի վիճակում եւ հնարավոր է՝ ընդհանրապես ոչնչանա:

ՄԱՐԴ, ՈՐԸ ԿԱՌՈՒՑԵՑ ԹԻՖԼԻՍԸ, ԲԱՅՑ…

Թբիլիսիի կենտրոնական, այժմյան Ռուսթավելիի պողոտայում, Արամյանցը կառուցում է «Մաժեստիկ» հյուրանոցը (այսօրվա Թբիլիսի «Մարիոտը»), «Պալաս Օթել» հյուրանոցը (այսօրվա թատերական համալսարանը) և իհարկե` քաղաքի մունիցիպալ հիվանդանոցը, որը ի տարբերություն հյուրանոցների, կոմերցիոն նախագիծ չէր:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ Հայ մեծանուն բարերարի ու բարեգործի շնորհիվ Թիֆլիսը դարձավ անճանաչելի: Ոչ ոք չի էլ հիշի, թե դրանից առաջ ինչպիսին էր քաղաքը… «Երբ վրացիները գինետներում փողեր էին շաղ տալիս, հայերը կառուցում էին Թիֆլիսը … »,- ժամանակին նկատել էր Արամյանցների ընտանիքի մերձավորներից մեկը:

Արամյանցը սիրել է Թիֆլիս քաղաքը ու միջոցներ չի խնայել սիրելի քաղաքի բարեկարգման համար: Առաջին կառուցած հյուրանոցը նա անվանել էր իր 5 երեխաների անվան առաջին տառերով՝ «Арфасто» /Արամ, Ֆլորա, Սողոմոն, Աննա, Հովհաննես/: Այսօր նույն այդ շենքում տեղակայված է Վրաստանի թատերական ինստիտուտը:

Արամյանցի կառուցած մյուս երկու՝ «Պալաս-Օթել» և «Մաժեստիկ»՝ ներկայիս «Մարիոտ» հյուրանոցները գործում են առայսօր: «Մաժեստիկ» փառահեղ, շքեղ հյուրանոցն Արամյանցը կառուցել էր իր սիրած նավի ձևով: Փարիզում այն պարգևատրվել էր Գրան Պրի մրցանակով և Ոսկե մեդալով՝ որպես 1915թ. կառուցված եվրոպական լավագույն հյուրանոց:

Թբիլիսիում Արամյանցի կառուցած մեզ հայտնի շենքերից պահպանվել են երկուսը՝ մեկը Ռուսթավելիին հարող Կոստավա փողոցում, մյուսը կնոջ` Եվգենյայի համար կառուցված առանձնատունը: Մնացած կառույցները խորհրդային տարիներին քանդել են: Վրաստանի խորհրդայնացումից հետո Արամյանցը կորցրել էր ամբողջ կարողությունը, զրկվել հարստությունից, դիրքից: Թիֆլիսի պատվավոր քաղաքացի, առևտրականների բարձրագույն խորհրդի անդամ Միքայել Արամյանցը նետվել է իր կառուցած շենքի նկուղը՝ մատնված սովի ու աղքատության: Պատմում են նաև, որ կիսաքաղցած Արամյանցին հաճախ էին տեսնում իր կառուցած 5 միլիոնանոց հյուրանոցի պատերի տակ նստած՝ անընդհատ կրկնելով. «Ախ, ի՜նչ ժամանակներ էին… ի՜նչ տարիներ»: Արամյանցի կյանքի վերջին տարիները անցել են չքավորության մեջ: Վրաստանի սոցիալ-դեմոկրատական պետությունը, որը բուրժուազիային առանձնապես արտոնություններ չէր տալիս, նրանից խլեց տներն ու հյուրանոցները: Ռուսթավելիի պողոտայում գտնվող մեծ շենքում դեռ 1918թ. Գերմանիա-Կովկաս առևտրային բանկ են բացել, իսկ մեկ տարի անց հանձնել արհմիությանը:

Արամյանցին մնաց միայն տունը: Սոցիալ-դեմոկրատների սկսած գործը շարունակեցին բոլշևիկները: 1921թ. խորհրդային իշխանությունները Արամյանցին դուրս հանեցին նաև Սերգիի փողոցում գտնվող նրա միակ ու վերջին կացարանից: Արամյանցին իր սեփական տանը մնաց միայն մի փոքր նկուղ, որտեղ ապրում էր երեխաների հետ:

Մահացու վիրավորանքը մի կողմից, անձնական դժբախտ կյանքը մյուս կողմից վերջնականապես կոտրում են մեծ հային ու բարերարին, այդ պինդ, երկաթյա առողջություն ունեցող մարդուն: Արամյանցը մահանում է 1924 թվականին՝ սովի և աղքատության մեջ: Նրա հուղարկավորությանը ներկա է եղել Թիֆլիսի գրեթե ողջ բնակչությունը: Աղբյուր՝ hayzinvor.am