Երբ պետական կառույցները չեն աշխատում, կամ խիստ անբավարար են պետական աշխատողները, ապա իշխանությունը դիմում է քաղաքացիների օգնությանը։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին օրինականության ու կարգուկանունի պահպանման հարցում ներգրավված էին նաև քաղաքացիական անձինք, որոնց անվանում էին «դրուժինիկ», որովհետև իրավապահ կառույցներում մարդիկ քիչ էին, չեին հասցնում պայքարել հանցավորության դեմ, պահպանել օրինականությունը։ Մեր օրերում էլ, պարզվում է՝ կա այդպիսի բաց։
Դեկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրը քաղաքացուց ահազանգ է ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս: «Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:
Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»,- գրել է վարչապետը:
Ինչո՞ւ է Փաշինյանը դիմում քաղաքացիների օգնությանը։ Արդյո՞ք պետական ապարատում մարդ չկա, որին հանձնարարվի այդ գործառույթը։ Թե՞ սա պոպուլիստական էժան հնարք է, որի միջոցով փորձում է ներգրավել առավել շատ համակիրների։
Նախ՝ նկատենք, որ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախարարների շարքում ծխողներ կան, օրինակ՝ Արարատ Միրզոյանը։ Ո՞վ է տեսել, որ նախարարը դուրս գա շենքից ու ծխի դռան մոտ։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ նախարարը ծխում է իր աշխատասենյակում կամ առանձնացված հանգստի սենյակում։ Այս դեպքում՝ ո՞վ է վարչապետին տեղեկացնելու, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան ծխում է փակ տարածքում, ինչն արգելված է։
Իսկ ընդհանրապես՝ վարչապետի այս մոտեցումը խնդրահարույց է, քանի որ ուղղակի ակնարկվում է, որ համապատասխան տեսչական մարմինները անգործության են մատնված։
Մասնավորապես՝ ծխելու դեմ պայքարում ներգրավված է Առողջապահության նախարարությունը, որը պետք է հետևեն հակածխախոտային ծրագրի ընթացքին և արդյունքներին, իրականացնի մոնիթորինգ և այլն։ Եթե այս ռեսուրսները բավարար չեն, և մարդ չկա, որ հետևի սրճարաններում ծխող պաշտոնյաներին, ապա կարող են ներգրավվել ՆԳՆ ծառայողներին, օրինակ՝ պարեկներին, որոնք շրջում են նաև սրճարաններին հարակից տարածքներում ու հետևում կարգուկանոնին։ Եթե ՆԳՆ ռեսուրսներն էլ բավարար չէն, ապա կարող են ներգրավել ԱԱԾ-ին, քանի որ նրանք վարպետացած են հետևելու հարցում, հետևաբար՝ կարող են հետևել ու մերկացնել օրինախախտ պաշտոնայներին։ Եթե ԱԱԾ-ն էլ մարդ չունի այս կարևոր գործի համար, ապա կարող են ներգրավվել Քրիստինե Գրիգորյանի գլխավորած ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը։ Այս հաստատության ծայառակիցները ևս կարող են հետևել պետական բարձր պաշտոնյաներին ու պարզել, թե ովքեր են խախտում ընդունված որոշումն ու ծխում սրճարաններում։
Ի վերջո՝ եթե պետական ոչ մի կառույցում ոք ոք չկա այս գործի համար, ապա կարող են կամավորների հավաքագրել որպես «դրուժինիկ», նրանց վարձատրել, որ վերջիններս երեկոյան ժամերին հետևեն սրճարաններում զազրամտորեն ծխող պետական պաշտոնյաներին։
Այնպես որ՝ նախքան քաղաքացիներին ուղիղ հանձնարարություն տալը, կարելի է գործարկել պետական կառույցների պոտենցիալը, որոնք կոչված են կառավարության ընդունած որոշումներն իրականացնելու կամ իրականացման ընթացքը վերահսկելու։ Եթե դա իրոք հնարավոր չէ, և կառավարությունն ուզում է քաղաքացիներին ներգրավել այս պայքարում, ապա կարող են խնդիրը հասարակական կազմակերպություններին պատվիրակել; Օրինակ՝ կարող են հայտարարել դրամաշնորհային մրցույթ, որը շահող հասարակական կազմակերպությունը կիրականացնի մոնիթորինգային ծրագիր, թե որ սրճարաններում են խախտվում հակածխախոտային սահմանափակումները, այդ թվում կպարզի, թե պետական ո՞ր պաշտոնյան է զազրածխում սրճարանում։ Իսկ եթե ընդհանուր քաղաքացիներին են խնդրում, ապա դա կարող է հանգեցնել անցանկալի, տհաճ հետևանքների, կոնֆլիկտների, խախտելով ներքին խաղաղությունը, ինչն շատ կարևոր է ներկայում։