ՀՀ-ն և Թուրքիան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ Միրզոյան

Միացրեք մեզ Youtube-ում

ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը՝

Որպես Գործող նախագահ՝ ջերմորեն ողջունում եմ ձեզ ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարությանը Լազար Կոմանեսկուի հմուտ ղեկավարությամբ՝ մեր նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Անցած կիսամյակի ընթացքում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո, մենք գործադրել ենք հնարավոր բոլոր ջանքերը՝ ընդգծելու ՍԾՏՀԿ հիմնական կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման կարևորությունը: Շարունակական մարտահրավերների պայմաններում մենք ջանք չենք խնայել՝ խթանելու կառուցողական և ներառական երկխոսությունն ու ամրապնդելու ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և մշակութային կապերը:

Մենք աջակցել ենք բաց քաղաքական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու միջոց՝ հանուն ՍԾՏՀԿ անդամ պետությունների կայուն զարգացման և նրանց բնակչության կենսապայմանների բարելավման։

Այս ընթացքում գումարվել է օժանդակ մարմինների շուրջ երեսուն նիստ։ Որպես ՍԾՏՀԿ մշակույթի և տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների աշխատանքային խմբերի համակարգող երկիր, ինչպես նաև ՍԾՏՀԿ զբոսաշրջության համագործակցության աշխատանքային խմբի առաջիկա համակարգող՝ Հայաստանը հետևողականորեն խթանել է այս ոլորտներում անդամ պետությունների միջև արդյունքին միտված համագործակցությունը։ Չնայած բոլոր մարտահրավերներին և տարաձայնություններին, որոնք կարող են գոյություն ունենալ ՍԾՏՀԿ անդամ պետությունների միջև՝ մենք ձգտել ենք նպաստել ակտիվ երկխոսությանը մեր ընդհանուր շահերի գրեթե բոլոր ոլորտներում:

Մենք պետք է արձանագրենք նաև մի շարք ձեռքբերումներ, որոնք կարևոր են այս կազմակերպության գործունեության համար.

— ՍԾՏՀԿ անդամ պետություններին հաջողվել է համաձայնության գալ կազմակերպության 2025 ֆինանսական տարվա բյուջեի շուրջ,

—  բացի ՍԾՏՀԿ 2025 թվականի բյուջեից, համաձայնություն է արձանագրվել Աշխատակազմի կանոնակարգի փոփոխության շուրջ,

—  Ծրագրերի զարգացման հիմնադրամի ղեկավար կոմիտեն գալիք շրջանում կուսումնասիրի նոր ծրագիր՝ ամրապնդելով ՍԾՏՀԿ ծրագրային գործունեությունը,

—   ՍԾՏՀԿ Տրոյկան շարունակել է աշխատել և համակարգել ՍԾՏՀԿ ընթացիկ և ապագա աշխատանքները:

Հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գործում է ՍԾՏՀԿ-ն՝ սրանք ուղենիշներ են, որոնք չպետք է անտեսվեն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am