MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՔՊ-ական նախկին պատգամավորի «սառնասիրտ» կնոջ արարքը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել, որը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
MediaHub-ին բացառիկ մանրամասներ էին հայտնի դարձել ողբերգությունից: Մեզ ասել էին, որ վրաերթի ենթարկված 78-ամյա Սիլվարդ Վարդանյանը փողոցն անցնելիս էր եղել, որպեսզի նստեր դստեր մեքենան, և մահվան ելքով վրաերթը հենց դստեր աչքի առաջ էր տեղի ունեցել:
Մեր զրուցակիցը նշել էր, որ դեպքից հետո Սիլվարդի դուստրը շտապել էր մեքենայի մոտ, սակայն, վարորդը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, նույնիսկ մեքենայից չէր իջել, որպեսզի տեսնի, թե ինչով կարող է օգնել այն կնոջը, որին րոպե առաջ վրաերթի էր ենթարկել: Մեզ ասել էին, որ նրա այդ սառնասրտությունը հավաքված բոլոր մարդկանց ծայրահեղ զարմացրել է:
MediaHub-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդպես, դեպքից անմիջապես հետո Հռիփսիմե Գրիգորյանին, որ նույնիսկ մեքենայից չի իջել, ինչ-որ անձ է մոտեցել, սկսել հանգստացնել նրան, սակայն երբ մոտեցել է Սիլվարդի դուստրը՝ տեսագրելով այդ տեսարանը, այդ անձնավորությունը սկսել է բղավել կնոջ վրա, որի աչքի առաջ մորը վրաերթի են ենթարկել։