7-8 տարվա չաշխատող լույսեր են․ Մալաթիայի թաղապետը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Միացրեք մեզ Youtube-ում

«Երևանի Լենինգրադյան 33 հասցեում գտնվող երբեմնի «Վերոնիկայի» մանկապարտեզը քաղաքային իշխանությունների համար ծառայում է որպես իրենց կեղտերի թաքստոց»,- այս մասին նախօրեին ահազանգել էին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Մեսրոպ Մանուկյանը և Գևորգ Ստեփանյանը։

Նրանք ուղիղ եթերում ցույց էին տվել Երևանի զարդարանքների համար նախատեսված լույսերը, դեկորները, ինչպես նաև սալիկներ, որոնք շպրտված էին չգործող մանկապարտեզի բակում։

Նշենք, որ Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի պատմությունը բավականին հետաքրքիր է։

Այն 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյան ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանն՝ ի դեմս ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի։

Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ 2019 թվականին, արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ երբեմնի հայտնի՝ «Վերոնիկայի» մանկապարտեզը կվերադարձվի համայնքին։

Հայկ Մարությանը նույն թվականին ևս անդրադարձել էր «Վերոնիկայի» մանկապարտեզին՝ նշելով, որ մանկապարտեզներից օտարված 6500 քմ տարածքը, «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի շենքը վերադարձրել են, ինչի շնորհիվ 1000-ից ավելի երեխա հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ։

Oragir.News-ը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են Երևանի ամանորյա զարդարանքների համար նախատեսված լույսերն ու դեկորները հայտնվել մանկապարետզի բակում՝ ձյան և անձրի տակ։

Մխիթարյանն ասաց, որ այդ «Վերոնիկայի» տարածքն այս պահին ծառայում է որպես վարչական շրջանի պահեստ, որտեղ բացի ամանորյա լույսերից և դեկորներից պահվում է նաև շինանյութ։

«Մենք ավագանու անդամների՝ «Վերոնիկայի» տարածք գնալու նախորդ օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տոնածառի լույսերի միացման արարողությունն ենք արել։ Մենք ունեցել ենք 12 միլիոն դրամ հատկացված գումար՝ զարդարանքի համար, որով պետք է զարդարեինք 2 փողոց և տոնածառի մերձակա տարածքը՝ այգին։ Մենք այսօրվա դրությամբ զարդարել ենք 4 փողոց և տոնածառի մերձակա այգին։ Ի դեպ, այնպես ենք զարդարել, որ գեղեցկությամբ լավագույն վարչական շրջաններից մեկն ենք, եթե ոչ լավագույնը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը, ապա հավելեց, որ զարդարման աշխատանքները շարունակվում են։

Վերադառնալով «Վերոնիկայի» մանկապարտեզի բակում գետնին լցված լույսերին և դեկորներին, Ռոմիկ Սարգսյանն ասաց, որ պահեստից դուրս են հանվել, որպեսզի հենց բակում ստուգվեն, թե որն է պիտանի օգտագարծման համար, որպեսզի կիրառեն։

«Աշխատանքները դեռ շարունակվում են։ Դրսում դրված են գնդաձև դեկորները, լույսերը։ Դեկորներն ունեն 8 տարվա վաղեմություն, նախորդ տարի դրանց մի մասն օգտագործեցինք և այս տարի էլ ինչը հնարավոր է, ինչը կարողանում ենք՝ վերականգնում և օգտագործում ենք։ Պահեստից հանվել են դուրս, դրսում աշխատում են։

Այն, որ ավագանու անդամները ցույց են տալիս, լարերի խուրձը բարձրացնում է, ասում է՝ այսքան միլիոններ են և այլն։ Այդ լույսերով լարերը մոտ 7-8 տարվա վաղեմություն ունեն, բացարձակ չաշխատող, անպետք լույսեր են։
Ինչը հնարավոր է՝ օգտագործել ենք, բայց ի վերջո՝ պետք է տոնական տրամադրություն ստեղծենք, չէ՞։

Բացի դրանից մենք ունենք հաղթող մասնակից, որը մրցույթը հաղթել է, ունի իր ծրագիրը, և ինձ թվում է, որ երեկոյան Մալաթիայով շրջեք, կտեսնեք, թե ինչքան գեղեցիկ է ամեն ինչն արվել։

Եթե մենք այս տարի սկսեինք վերանորոգել այդ դեկորները, ապա մեզ հատկացված 12 միլիոն դրամը չէր հերիքի, դեռ մի 12 միլիոն էլ պետք է դրվեր վրան, որ կարողանայինք դրանք վերականգնել, օգտագործել։ Դրա փոխարեն ավելի հետաքրքիր լուծումներ ու գեղեցիկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան ենք ստացել»։

Ճշտող հարցին՝ «Վերոնիկայի» բակում լցված լույսերն ու զարդարանքների համար նախատեսված դեկորները տեղափոխվելու են աղբանո՞ց, վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց․

«Աղբանոց գնալու են չաշխատող լարերը, իսկ զանգերը մետաղական կարկասներ են, դրանք պահպանելու ենք հետագայում օգտագործելու համար»։

Ամփոփելով զրույցը՝ Ռոմիկ Մխիթարյանը շեշտեց, որ նշված վայրը հատուկ պահպանվող տարածք է, որի դարպասները կողպված են եղել, ուստի՝ ավագանու անդամների այնտեղ մուտք գործելը գուցե իրավական հետևանք ունենա.

«Ո՞վ է իրենց թույլ տվել հայտնվել այդ տարածքի ներսում նկարահանել, զրպարտության մասին էլ չեմ խոսում։ Ավագանու անդամների այդ արարքին արձագանք լինելու է»։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am