Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նոյեմբերի 18-ին, շարունակվեց Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի և «Լճափ» համատիրության նախագահ կառավարիչ Արտաշես Շահազիզյանի գործով քննությունը։
Արմեն Գրիգորի Սարգսյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ և խարդախությամբ: Նա 2011-2018 թվականներին, Շենգավիթի ղեկավար լինելով, իր մտերիմ Արտաշես Շահազիզյանի օգնությամբ խաբեությամբ յուրացրել է 124.3 քմ կրթական նպատակներով նախատեսված տարածք (արժեքը՝ 18,720,000 դրամ):
Դատական նիստի ընթացքում Արտաշես Շահազիզյանի պաշտպան Վահե Դանիելյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ հրապարակել գործով քննիչի որոշումն ուղղված դատախազին, ինչպես նաև հանրային քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ և դատախազի որոշումը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով հետապնդում չիրականացնելու մասին։
«Ցանկանում եմ այս 2 որոշումները հրապարակել դատարանի ուշադրությունը հրավիրելու այն հարցի վրա, որ նշված միջնորդությամբ և դատախազի որոշմամբ պատկեր է ստեղծվել, թե իբր Արտաշես Շահազիզյանը իրեն առաջադրված ենթադրյալ արարքի կատարումը՝ իբր էդ կեղծ փաստաթուղթը օգտագործելը և դրա հիման վրա սեփականաշնորհելը չի վիճարկել ։ Ի դեպ ասացի, որ որոշում է կայացվել արդեն հետապնդում չիրականացնելու մասին, բայց այդտեղ, ըստ իս, ենթադրյալ տեխնիկական սխալ է թույլ տրվել կամ ենթադրյալ կեղծիք է արվել, բայց միանշանակ, եթե Արտաշես Շահազիզյանի ցուցմունքները հետազոտենք, բոլորիս էլ պարզ կլինի, որ նա չի ընդունել այդ մեղքը, ավելին ասեմ՝ վերջին հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ ինքը կեղծ փաստաթուղթ չի օգտագործել և դրա հիման վրա սեփականաշնորհում չի իրականացրել, մինչդեռ, չգիտես ինչու, քննիչը և դատախազը իրենց կայացրած որոշումներում նշել են, թե Շահազիզյանը չի վիճարկել ենթադրյալ արարքը կատարած լինելու հանգամանքը»,-նշել է Դանիելյանը։
Փաստաբանի կարծիքով՝ այս ամենը կարող է անմիջական ազդեցություն ունենալ իր պաշտպանյալի ենթադրյալ խարդախությանն օժանդակելու, հանցակազմում մեղավորությունը հիմնավոր կամ անհիմն համարելու հարցում, և հենց այս պատճառով է փաստաբանը միջնորդում , որ քննիչի միջնորդությունը և դատախազի որոշումը հրապարակվեն։
«Իսկ ինչ վերաբերում է մյուս հանգամանքներին ՝ այս փաստաթղթերով ևս ապացուցվում է այն հանգամանքը, որ պաշտպանյալը իրեն մեղսագրված ենթադրյալ արարքը չի կատարել, կամ առնվազն վերջինիս կողմից կատարված լինելը չի ապացուցվում։ Բերված փաստարկները ևս անհիմն են»,- ասաց Դանիելյանը։
Դատավորի հարցին, թե փաստաբանի կողմից նշված որոշումները ինչու չեն բողոքարկվել, պատասխանեց․ «Ըստ էության մենք չենք բողոքարկել հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով հետապնդում չի իրականացվելու, և քանի որ իմ պաշտպանյալը վատառողջ էր ։ Որոշումը ստանալով համարեցինք, որ դրանով քրեական վարույթը ավարտվելու է, բայց երբ հրավիրեցինք Հակակոռուպցիոն կոմիտե բողոքարկման ժամկետը բաց էր թողնվել։
Ես չեմ ուզում որակել, որ դիտավորյալ կերպով կեղծիք է թույլ տրվել, որպեսզի կարողանան հնարավորինս հիմնավորել մեղադրյալին առաջադրված մեղադրանքը։ Ինձ թվում է քննիչի կողմից ուղղակի վրիպակ է եղել, ինչը շարունակվել է նաև դատախազի կողմից, որովհետև հոդված 5-ում զետեղված է իմ մեղադրյալի վկայի կարգավիճակում տված ցուցմունքը, որտեղ անձը հստակ նշում ա, որ երբեք կեղծ փաստաթուղթ չի օգտագործել՝ հատկապես Աշոտ Հակոբյանի կողմից տրված։ Ցուցմունքին հետևում է միջնորդություն, ըստ որի Արտաշես Շահազիզյանը չի վիճարկել այդ արարքի կատարումը, մինչդեռ մենք ասել ենք, որ համաձայն ենք վաղեմության ժամկետի, ոչ թե արարքի կատարման հետ, դրանք հստակ տարանջատել ենք»,-նշեց նա։
Դատավորը մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-ից 14-րդ կետերին, ըստ որի քրեական հետապնդումը բացառված չէ, եթե անձը առարկում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու դեմ, այն պատճառաբանությամբ, որ արարքն ինքը չի կատարել ։
Դատավորը եզրափակեց՝ հայտարարելով, որ հաջորդ նիստում կքննարկվեն կողմերի ներկայացրած փաստարկներն ու ապացույցները, որպեսզի որոշվի դրանց նշանակությունը գործի հետագա ընթացքի համար։
17։30-ին դատարանի այլ նիստ ունենալու պատճառով դատական նիստը հետաձգվեց: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թ․ հունվարի 14-ին, ժամը 10։00-ին