Կրտսեր սերժանտ, հրետանավոր, հաշվարկի հրամանատար Խաչիկ Պողոսյանի ընտանիքը հերոսի իրերը հավաքել, խնամքով դասավորել է, շուտով նաև մարտական ծառայության համար հետմահու ստացած շքանշանը կլինի այս անկյունում։
«Ըստ մեր տեղեկությունների՝ շատ էր սիրում իր մասնագիտությունը, մոր հետ խոսելիս անգամ պատմում էր, թե ինչքան է սիրում իր հրանոթը, ինչ լավ է պահում, միշտ մաքուր, միշտ յուղված»,-պատմում է հերոսի հայրը՝ Մարտիրոս Պողոսյանը։
Խաչիկը Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր, հունվարին պետք է զորացրվեր և շարունակեր կրթությունը, բայց հոկտեմբերի 2-ին Խաչիկի կռիվն ընդհատվեց Քարվաճառի դիրքերում․
«Այդ օրը նաև իմ Խաչիկի շնորհիվ մարտական դիրք են հետ վերցրել, որը կորցրել էին ամսի 28-ին, շատ մեծ կարևորության մարտական դիրք է եղել, կարողացել են նաև մեծ վնաս հասցնել մարդուժին, թշնամու կողմից եղել են նաև զինտեխնիկայի կորուստներ»,-պատմում է պարոն Մարտիրոսը։
Հավասարակշռված, սառնասիրտ ու զուսպ․ մարտական ընկերներն այսպես են բնութագրել նրան․ծնողները զարմանում են՝ ինչպե՞ս են կարողացել մի քանի օրում իրենց որդուն այդքան լավ ճանաչել։
«Ժամկետայիններից մեկն ասաց՝ ինքը ամեն ինչ անում էր գիտակցված»,-նշում է հերոսի հայրը, մայրը՝ տիկին Նարինեն էլ հավելում է․
«կյանքի նկատմամբ մի տեսակ թեթևություն ուներ որդին, ոչնչից խնդիր չէր առաջացնում»։
Որդու մասին խոսելիս մայրը դժվար է բառեր գտնում, հուզմունքը խեղդում է, բայց Խաչիկի մասին շատ ասելիք կա․
«Ամեն տարիքում իրարից շատ տարբեր էր իր բնույթով, բայց, երբ մեծացավ, ես չընկալեցի»,-ասում է տիկին Նարինեն։
Ազատությանը, կյանքին ու հայրենիքին սիրահարված տղան մինչ բանակ զորակոչվելը մի քանի մարզաձևով է զբաղվել․
«Կյանքի մի հատված վազքի մեջ էր, շատ սիրում էր կյանքը»։