Մեջքի ցավը հաճախ առաջանում է առանց պատճառի, որը կարող էր երևալ արյան թեստով կամ պատկերային հետազոտությամբ:
Մենք մեջքը սովորաբար կապում ենք ողնաշարի հետ, սակայն մեջքի շրջանն ունի բարդ կառուցվածք, որի կազմության մեջ մտնում են տարբեր ոսկորներ, մկաններ, նյարդեր և հոդեր, և դրանց յուրաքանչյուրի նույնիսկ թեթև խնդիրը կարող է առաջացնել ցավ կամ անհարամարավետություն:
Հիվանդությունները և վիճակները, որոնք սովորաբար կապված են մեջքի ցավի հետ, ներառում են՝
Մկանների կամ կապանների գերձգում. ծանրության բազմակի բարձրացումը կամ իրանի կտրուկ անհարմար շարժումները կարող են ձգել մեջքի մկանները և ողնաշարի կապանները: Ֆիզիկական վատ վիճակում գտնվող մարդկանց համար մեջքի մշտական ծանրաբեռնվածությունը կարող է առաջացնել ցավոտ մկանային կծկանք (սպազմ):
Արտափքված կամ պատռված սկավառակներ. միջողնային սկավառակները (դիսկեր) գործում են որպես ողնաշարի ոսկորների՝ ողների միջև տեղադրված բարձիկներ: Սկավառակի ներսում գտնվող փափուկ նյութը կարող է արտափքվել կամ պատռվել՝ սեղմելով նյարդը: Բժիշկները սա անվանում են միջողնային սկավառակների ճողվածք և պրոտրուզիա: Այնուամենայնիվ, արտափքված կամ պատռված սկավառակը կարող է մեջքի ցավ չառաջացնել: Սկավառակի հիվանդությունը հաճախ հայտնաբերվում է մեկ այլ պատճառով արված ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ, համակարգչային տոմոգրաֆիայով (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայով (ՄՌՏ):
Հոդաբորբ (արթրիտ). օստեոարթրիտը կարող է ազդել մեջքի ստորին՝ գոտկային հատվածի վրա: Որոշ դեպքերում ողնաշարի արթրիտը կարող է հանգեցնել ողնուղեղը շրջապատող տարածության նեղացման, որը կոչվում է ողնաշարի սթենոզ:
Օստեոպորոզ. ողնաշարի ողերում կարող են առաջանալ ցավ պատճառող ճաքեր կամ կոտրվածքներ, եթե ոսկորները դառնում են ծակոտկեն և փխրուն:
Անկիլոզացնող սպոնդիլիտ (աքսիալ սպոնդիլարթրիտ). այս բորբոքային հիվանդությունը կարող է հանգեցնել ողնաշարի որոշ ոսկորների միաձուլման: Սա ողնաշարը դարձնում է ավելի քիչ ճկուն:
Մեջքի ցավի այլ պատճառները ներառում են՝
Ուսային հոդի կապսուլիտ (սառեցված ուսեր). սա բերում է ուսագոտու ցավոտ լարվածության, որը դժվարացնում է զգեստափոխվելը, մեքենա վարելը և խանգարում է քունը։
Թիակների ստորին հատվածի ցավ
Առհասարակ մեջքի ցավը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ վտանգավոր պատճառներով: Օրինակ՝ թիակների ստորին հատվածի ցավի պատճառ կարող է լինել սրտամկանի կաթվածը: Սա շատ լուրջ ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
Սակայն բարեբախտաբար ոչ բոլոր դեպքերում է մեջքի ցավը վկայում սրտի հետ կապված խնդիրների մասին: Եթե մեջքի ցավը պայմանավորված է սրտամկանի կաթվածով, ապա կան այդ մասին հուշող որոշ ախտանշաններ.
1. Ցավն ի հայտ է գալիս թիակների միջև, սակայն ավելի շատ տարածվում է դրանցից որևէ մեկի հատվածում:
2. Երբեմն ցավը տարածվում է նաև ձախ ուսի հատվածում:
3. Հաճախ ցավը տարածվում է նաև ստորին ծնոտի հատվածում՝ ձախ կամ աջ կողմից: