Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշելով, որ իրականացնում են մանկապարտեզների ենթակառուցվածքների հիմնանորոգում և վերանորոգում, բովանդակային փոփոխություն՝ Ավինյանն ասաց. «Մեզ համար շատ կարևոր է նաև, թե ինչ սնունդ է մատակարարվում մանկապարտեզներին, այս առումով ուզում եմ տեղեկացնել բոլոր այն մատակարարներին, ովքեր տարիներ շարունակն ինչ-որ մի տրամաբանությամբ են գործել և ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են, ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում և այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել»։
Քաղաքապետարանի Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանն էլ զեկուցեց. «ՍԱՏՄ լաբորատորիայի տված եզրակացության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն՝ Լիստերիա մոնոցիտոգենեզ բակտերիայի առկայություն և որոշում է ընդունվել անհապաղ դադարեցներ մսի ողջ խմբաքանակի օգտագործում և համապատասխան վայր տեղափոխել»։
Նրա խոսքով՝ Երևանի 146 մանկապարտեզում առկա էր մոտ 3000 կգ հավի կրծքամիս և 850 կգ հավի ազդրամիս։
Գևորգյանը հայտնեց, որ նույն լաբորատորիայում մաներաբանական և զգայաբանական փորձարկման է ներկայացվել սերուցքային կարագի 4 տեսակի փորձանմուշ, որը մատակարարվել էր բոլոր մանկապարտեզներին և հայտնաբերվել է Մեզաֆրիբ այրոբ և Ֆակուլտատիվ անայրոբ մանրեներ, իսկ զգայաբանական ցուցանիշները՝ հոտը, համը, գույնն ընդհանրապես չեն հայմապատասխանել սահմանված չափանիշենրին։
Նրա փոխանցմամբ՝ այդ կարագից մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում եղել է 2200 կգ և որոշել են հետ հավաքել այդ ողջ խմբաքանակը, որի ճակատագիրը կորոշի աշխատանքային խումբը, և գտնել այլընտրանքային մատակարարում։
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ աշխատանքային խումը մի որոշում ունի կայացնելու՝ այդ սննդի ոչնչացում։
«Ուզում եմ այս պահից զգուշացնել, որ բոլոր այն իրավաբանական անձինք, ովքեր, որոշում են կայացնում Երևան քաղաքի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին մասնակցել, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ, որովհետև ուղղակիորեն անթուլատրելի է, որ մեր երեխաներին նման որակի սնունդ մատակարարվի»,- ասել է Ավինյանը։
Ըստ նրա՝ այն մատակարարների համար ոչ միայն ֆինանսական, այլև կարող է այլ հետևանքներ էլ ունենալ։
Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են. «Հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար:
Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջ՝ 2270 կգ սերուցքային կարագը ևս հավաքելու նպատակով»: