Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են շտապ կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Արդյո՞ք վարչապետը պաշտոնանկ կանի նրանց, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում։ *** «Հրապարակ»-էլ գրում է, որ կայքի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։ Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստին Փաշինյանը սպառնացել էր իրավապահներին, թե իր համբերության բաժակը լցվել է։ Վահե Ղազարյանին աշխատանքից ազատելու որոշման մասին մենք դեռեւս ամիսներ առաջ էինք գրել, Բադասյանին ազատելու որոշման մասին ևս լուրեր կար, իսկ թե որն է եղել Սանոսյանին ազատելու պատճառը, դեռեւս հայտնի չէ։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին էլի մարդիկ են հեռացվելու պաշտոններից, բայց թե կադրային դեֆիցիտի պայմաններում ում են նշանակելու նրանց փոխարեն, պարզ չէ: *** Հավելենք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն էլ տելեգրամյան ալիքում գրել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատվել է աշխատանքից: |