Փարիզի Աստվածամոր տաճարը կբացվի այս տարվա դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը հնգամյա վերականգնումից հետո տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։
Տաճարի բացման արարողությունը կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Հաջորդ օրը կլինի առաջին պատարագը, որին ներկա կլինի նախագահ Մակրոնը։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը։ Այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am