Այսօր՝ նոյեմբերի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի ու դրան հարակից մի քանի բազմահարկ շենքերի բնակիչներ ի նշան բողոքի հավաքվել էին դեռ սովետական տարիներից շենքի բակում գործող թենիսի, հիմա արդեն որպես ֆուտբոլի դաշտ երեխաների կողմից շահագործվող տարածքում ու պահանջում էին, որպեսզի իշխանությունները՝ հանձինս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, չթույլատրեն, որպեսզի ֆուտբոլի դաշտը վերացնեն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թե՛ բնակիչները և թե՛ երեխաները ասում էին․
«Սովետական տարիներից այս վայրը հազարավոր բնակիչների կողմից օգտագործվում է՝ որպես թենիս խաղալու տեղ, հիմա արդեն՝ ֆոտբոլ։ Նախկինում էլ ինչ-որ անձինք ցանկացել են, որ այս վայրում շենք կառուցեն ու բնակիչներս ընդվզել ենք դրան, ինչը դրական արդյունք է տվել, բայց արդեն տևական ժամանակ է՝ ինչ-որ ընկերություն, որ հավանաբար իշխանությունների հետ լեզու է գտել, որոշել է, որ պետք այստեղ կառուցի 18 հարկանի շենք ու երևի հիմա «Թամանյանը գերեզմանում շուռ է գալիս»։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ հնչեցնում է, թե իր ու Երևանի վարչական շրջանների ղեկավարների բարձր հովանու ներքո մայրաքաղաքում ավելանում են խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը։ Դա, որ էդպես է, մենգ գիտենք և ողջունում ենք, իսկ որ եղած ֆուտբոլի դաշտն են փորձում վերացնեն, տեղը ինչ-որ շենք կառուցեն, արդյո՞ք դա չի մտահոգում Տ․ Ավինյանին։
Մենք խնդրում ու պահանջում ենք, որպեսզի դադարեցնեն ֆուտբոլի դաշտի ավիրումը, փոխարենը կարող են ցուցաբերել սրտացավ մոտեցում, բարեկարգեն ու հաստատ հազարավոր երևանցիներ, այդ թվում ֆուտբոլի նկատմամբ մեծ սեր ունեցող երեխաներ երախտապարտ կլինեն իշխանություններին։ Ուզում ենք առիթից օգտվելով նաև դիմել Հայաստանի ֆուտբոլ Ֆեդերացիային, խնդրելով, որպեսզի նրա ղեկավար կազմը միջամտի ու դադարեցնի ֆուտբոլի դաշտի վերացման ցավոտ գործընթացը ու սատար կանգնեն բնակիչներին և անհրաժեշտ պարագաներով ֆուտբոլի դաշտը կահավորեն։ Այսօր դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքայի ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի մեծ թվով ոստիկաններ, սակայն կառուցապատողը իր հետ բերած ծանր տեխնիկայով ոստիկանների հորդորներից հետո հեռացավ, բայց ասում էր, որ երկուշաբթի օրը ներում-բեկում չկա, բերելու եմ ու սկսեմ իմ շենքի հիմքը փորել։ Մենք էլ երկուշաբթի օրը գնդակներով ու բոթասներով դիմավերելու ենք նրան, իսկ եթե ավելի անկեղծ՝ լավ կանի հրաժարվի իր մատադրություններից։ Այստեղ չպետք է կառուցվի այդ շենքը, փոխարենը Երևանի քաղաքապետարանը, Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է բարեկարգեն, ինչը խթան կդառնա առողջ ապրելակերպի և ֆուտբոլի զարգացման համար»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի