Երևանի քաղաքապետարանն Ամանորից 2 ամիս առաջ արդեն տոնական եռուզեռի մեջ է․ քաղաքն ամանորյա ձեւավորման նախապատրաստական փուլում է։ Ամանորյա պատրաստությունները վաղաժամ սկսելու պատճառը, թերեւս, տրանսպորտի վիճակի, առաջիկա թանկացումների թեման «ցրելու» ցանկությունն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Քաղաքապետարանն աննախադեպ գումար՝ 600 միլիոն դրամ է առաջարկել Հանրապետության հրապարակի, դրան հարակից փողոցների ամանորյա ձեւավորման եւ լուսավորության համար։ Այդ թվում` Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի ճյուղերի եւ զարդարանքի պարագաների մատակարարման դիմաց նախատեսվել է հատկացնել 50 միլիոն դրամ, հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման համար՝ 60 միլիոն, սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման համար՝ 190 միլիոն, գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության համար՝ 90 միլիոն դրամ:
Առանձին 210 միլիոն էլ նախատեսվել է ամանորյա լուսավորության աշխատանքների համար։ Ընդհանուր՝ 600 միլիոն դրամ՝ կես միլիարդից ավելի գումար։