Զորակոչիկներին կաշառքով ազատելու դեպքեր են գրանցվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Գ. Մ.-ն մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում իր որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը և այդ նպատակով դիմել է իր մտերիմ, ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Բ. Հ.-ին, ով համաձայնել է օժանդակել համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու հարցում: Դրանից հետո, տեղեկանալով, որ իր ծանոթի ընկերը՝ Ա. Մ.-ն, մտերիմ հարաբերություններ ունի Երևանում գործող բժշկական կենտրոնների մեկի բժիշկ Ս. Հ.-ի հետ, իր ծանոթի միջոցով դիմել է Ա. Մ.-ին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը վերոհիշյալ բուժհաստատության բժիշկների միջոցով կազմակերպելու համար:

Այդ նպատակով Ա. Մ.-ն հանդիպել է բժիշկ Ս. Հ.-ի հետ, ով պատրաստակամություն է հայտնել քննարկել զորակոչիկին կեղծ հիվանդության հիմքով 13.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հարցը: Այնուհետև զորակոչիկի հայրը 2023 թվականի հունիսի 17-ին Բ. Հ.-ին փոխանցել է հիշյալ կաշառքի գումարը, որը վերջինս իր հերթին փոխանցել է Ա. Մ.-ին:

2023 թվականի հուլիսի 26-ին Բ. Հ.-ն Ա. Մ.-ին տեղեկացրել է, որ նրա որդուն տարկետում են տրամադրել զինվորական ծառայության զորակոչից:

Քննությամբ պարզվել է, որ Ս. Հ.-ն զորակոչիկին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու գործընթացը կազմակերպելու համար իրականում որևէ իրավասու պաշտոնատար անձի չի դիմել և կաշառքի միջնորդության պատրվակով պայմանավորված գումարը՝ 13.000 ԱՄՆ դոլարը, Ա. Մ.-ից չի պահանջել ու ստացել, իսկ վերջինս այդ գումարն օգտագործել է սեփական կարիքների համար՝ դրանք տանուլ տալով խաղատանը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ զորակոչիկ 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակում հետազոտման նպատակով, ուղեգրվել է վերը նշված նույն բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ն կրկին հանդիպել է Ս. Հ.-ին և քննարկումներ ունեցել վերջինիս հետ, ապա զորակոչիկի հորը՝ Ա. Պ.-ին տեղեկացրել, որ հնարավոր է նրա որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու հարցը վերջնական լուծում ստանա:

Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար, ինչը բժիշկ Ս. Հ.-ն ընդունել է և 2023 թվականի հուլիսի 3-ին Ա. Մ.-ի միջոցով ստացել զորակոչիկի հոր կողմից տրված 300 ԱՄՆ դոլար կաշառքը:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am